Սերժ Սարգսյանը Սլովենիայի հետ ապրանքաշրջանառության բացակայությունը հայկական իշխանությունների բացթողումն է համարում

Սերժ Սարգսյանը Սլովենիայի հետ ապրանքաշրջանառության բացակայությունը հայկական իշխանությունների բացթողումն է համարում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Սլովենիայի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացումը նախադրյալներ կստեղծի երկկողմ հարաբերությունների զարգացման համար նաև այլ ոլորտներում, գտնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք այսօր քննարկել ենք համագործակցությունը տնտեսական ոլորտում և միջազգային հարաբերությունները: Տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարևոր օղակ է, որը կմերձեցնի մեր ժողովուրդներին և դրանց զարգացման խթան կդառնա նաև այլ ոլորտներում»,- հայտնել է նա հոկտեմբերի 11-ին իր պաշտոնակից, Սլովենիայի նախագահ Դանիլ Տյուրկի հետ համատեղ մամլո ասուլիսում: Համաժողովին մասնակցում էին մոտ 40 սլովենական ընկերություններ զանազան ոլորտներից, այդ թվում` առևտրի, տուրիզմի, շինարարության, էլեկտրաէներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից:

Ընդ որում, ՀՀ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության բացակայությունը հայկական իշխանությունների բացթողումն է, «մեր պարտականությունները չկատարելու հետևանքը»: Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ կան բոլոր նախադրյալները երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացման համար, իսկ դա մեծապես կախված է ժողովրդի բարեկեցությունից:

2009 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 9,5 մլն դոլար, ընդ որում Հայաստանից արտահանում գրեթե չի կատարվել: Սլովենիայից Հայաստան են ներկրվել դեղագործական ապրանք, էթիլային սպիրտ, օծանելիք և կոսմետիկա, էլեկտրական սարքեր:

ՀՀ նախագահը նաև ասել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման շրջանակներում Հայաստանը ողջունում է սլովենական ներդրումների հոսքը սեփական շուկա:

Սերժ Սարգսյանը հաղորդել է, որ Սլովենիայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում 4 փաստաթուղթ է ստորագրվել, որոնք օրենսդրական հիմքեր են ստեղծում երկկողմ համագործակցության ընդլայնման համար, որոնց թվում` Կրկնակի հարկման բացառման մասին կոնվենցիան և տնտեսական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: «Մենք աշխատելու ենք օրենսդրական դաշտի ընդլայնման շուրջ»,- վստահեցրել է նա:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` ՀՀ նախագահը նշել է, որ այն որակական փոփոխություններ է կրել և ավելի կարգավորված է դառնում, մասնավորապես, Հայաստանն արդեն բանակցություններ է վարում ասոցատիվ պայմանագիր կնքելու շուրջ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում ազատ առևտրի մասին խորը և համապարփակ պայմանագրին միանալու նախագծի պատրաստման ուղղությամբ: Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշել է, որ Սլովենիան, որն անցել է այդ ճանապարհը, կարող է իր փորձով կիսվել Հայաստանի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---