19 հոկտեմբերի 2010 - 12:32 AMT
Կանանց «Միկա» ակումբը շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության առաջատարն է

Տղամարդկանց և կանանց «Միկա» ակումբները տարել են հերթական հաղթանակը

Պլովդիվում (Բուլղարիա) շարունակվում է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Հոկտեմբերի 18-ին կայացել են 2-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց և կանանց «Միկա» ակումբները տարել են հերթական հաղթանակները:

Տղամարդկանց հավաքականը 4.5:1.5 հաշվով հաղթել է իսրայելական «Beer Sheva» ակումբին: Հաղթական միավորներ են բերել Լևոն Արոնյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ ոքի են խաղացել:

Հաղթանակից հետո «Միկան» 10 միավորով 4-րդ տեղում է: 3-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են «St. Petersburg»-ի (Ռուսաստան) հետ:

3:1 հաշվով ավարտվել է կանանց «Միկա» և «St. Petersburg» ակումբների միջև պայքարը: Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը, իսկ Արիկա Դրոնավալին և Լիլիթ Գալոյանը ոչ ոքի են խաղացել:

«Միկան» երկու հաղթանակից հետո 7 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: 3-րդ տուրում երևանյան ակումբի մրցակիցը կլինի վրացական «Samaia»-ն: