Աստրախանում նախագահների եռակողմ հայտարարությունը հումանիտար բնույթ է կրում, հայտարարել է ՌԴ նախագահը

Աստրախանում նախագահների եռակողմ հայտարարությունը հումանիտար բնույթ է կրում, հայտարարել է ՌԴ նախագահը

PanARMENIAN.Net - «Չնայած նրան, որ Հայաստանի, Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումներն ընթանում են բավական սուր բանավեճերով, երբեմն զգացմունքային, ինչը հեշտ չէ նաև միջնորդական կողմի համար, Մինկսի խմբի համար, Ռուսաստանի` որպես ՄԽ համանախագահի համար, ես այս հանդիպումներն օգտակար եմ համարում: Առաջին հերթին, ցանկացած դեպքում բանակցությունները միշտ ավելի լավ են, քան հակամարտության ակտիվ փուլը: Երկրորդը, հնարավոր է, սա ամենակարևորն է, սրանք ոչ միայն բանակցություններ են, այլ նաև առաջխաղացում»,- Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նրա խոսքերով, կողմերը համաձայնեցրել են համատեղ հայտարարությունը, որը հումանիտար բնույթ է կրում, ինչը շատ կարևոր է` հաշվի առնելով մի շարք բարդություններ, որոնք այսօր նկատվում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ԼՂ հարցում: «Խոսքը գնում է հատուկ հռչակագրի մասին, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը առանց հապաղումների ռազմագերիներին և մահացածների մարմիննները փոխանակելու համար: Դա շատ կարևոր թեմա է, որովհետև կողմերն իրականում արդեն վաղուց անուղղակի դիմակայության մեջ են, բայց կան խնդիրներ, կան կրակոցներ, մահանում են մարդիկ: Կա ևս մեկ թեմա, որին մենք այսօր անդրադարձել ենք` խաղաղության պայմանագրի և ընդհանուր կարգավորման թեման: Այս թեման առկա է մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Հիմա մնում են այսպես կոչված կարգավորման ընդհանուր սկզբունքների հարցերը, որոնք արդյունքում պետք է դրվեն խաղաղության պայմանագրի հիմքում: Մենք հաղթահարել ենք որոշակի ճանապարհ, որը հիմք է տալիս հուսալու, որ եթե կողմերը լավ աշխատեն առաջիկա ամսում, ապա Ղազախստանում դեկտեմբերի 1-2-ը ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ մենք կարող ենք հանգել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակին: Ցանկանում եմ ընդգծել, որ հարցեր դեռ շատ կան, բայց կա նաև համաձայնության հանգելու ձգտում: Ռուսաստանը շարունակելու է իր ջանքերը: Ես կարծում եմ, որ արդյունքի կարելի է հասնել: Դա որոշակի, չափավոր լավատեսություն է ներշնչում: Աշխատանքի մեծ մասն առջևում է»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---