Բաքուն շարունակում է նույն ոգով. Մեկ շաբաթում ադրբեջանական ԶՈՒ-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ

Բաքուն շարունակում է նույն ոգով. Մեկ շաբաթում ադրբեջանական ԶՈՒ-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ

PanARMENIAN.Net - Անցած 7 օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն անհանգիստ էր: Հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գոտու Հադրութի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որոնց արդյունքում հակառակորդի դավադիր գնդակից հոկտեմբերի 26-ի ժամը 16-ն անց 45-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում` զոհվել է Հարութ Աշոտի Գրիգորյանը:

Հատկանշական է, որ դարանակալ թշնամու սադրիչ գործողությունը տեղի է ունեցել շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ընդամենը ժամեր անց, ինչը ևս մեկ անգամ վկայում է իրադրության ապակայունացմանն ուղղված պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական մոտեցման մասին: Ասվածի մասին է փաստում նաև վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևյալ վիճակագրությունը: Այսպես. միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը «АК», «СВД», «ПК», «ДШК», «РПК», «УТЁС» և «Սև նետ» հրաձգային զինատեսակներից հրադադարը խախտել է շուրջ 750 անգամ` ընդհանուր առմամբ արձակելով ավելի քան 7000 կրակոց: Այսքանից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է` Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամիջոցներով տարածվող այն լուրերն ու տեղեկությունները, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերի կողմից պարբերաբար խախտվում է հրադադարի պահպանման ռեժիմը, ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային ապատեղեկատվություն:

Իսկ ինչ վերաբերում է հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների չեզոքացմանն ուղղված ՊԲ գործողություններին, ապա դրանք կրում են համակարգված և նպատակային բնույթ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն անհրաժեշտության դեպքում ճնշելու ադրբեջանական դիրքապահների ագրեսիվությունը, այլև առաջնային գծում մշտապես լինել թելադրողի դերում, հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---