Երևանն ու Անկարան բավարար քաղաքական կամք ունեն հաշտեցման գործընթացը շարունակելու համար

Երևանն ու Անկարան բավարար քաղաքական կամք ունեն հաշտեցման գործընթացը շարունակելու համար

PanARMENIAN.Net - Շվեյցարիան նախկինի պես հուսով է, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, սակայն, միևնույն ժամանակ, գտնում է, որ դրա համար ժամանակ է հարկավոր: Այդ մասին թուրք լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդը: «Հայ-թուրքական արձանագրությունները դեռ կյանքի չեն կոչվել: Դա ժամանակ է պահանջում»,-ասել է Շվեյցարիայի նախագահը: Նա նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդների ապագան պետք է հիմնված լինի վստահության ու խաղաղության մթնոլորտի վրա:

Պատասխանելով այն հարցին, թե շարունակվում են արդյոք բանակցությունները, չնայած նրան, որ գործընթացը պաշտոնապես սառեցված է՝ Լոյթհարդն ասել է, որ կուլուարներում մշտապես տեղի են ունենում շփումներ: Ըստ նրա, գործընթացի վերսկսումը կախված է երկու կողմերի քաղաքական կամքից:

«Անկասկած, կարելի է ասել, որ երկու կողմերը քաղաքական կամք ունեն գործընթացն ավարտին հասցնելու համար: Երբեմն, այնքան կարևոր չէ, որ գործընթացն արագ ընթանա: Ավելի կարևոր է այն, որ կան փոխըմբռնման վրա հիմնված արձանագրություններ»,-ասել է Լոյթհարդը, գրում է թուրքական Today’s Zaman-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---