Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի վերակառուցման մրցույթում հայտատուներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 9-ին ամփոփվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երևան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները:

Ինչպես ասվում է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, մրցույթին փաստաթղթեր ներկայացրած 3 կազմակերպությունները վերոնշյալ ճանապարհահատվածի վերակառուցման համար առաջարկել էին հետեւյալ գները. ավստրիական “STRABAG International” ընկերությունը` 51,141 մլն ԱՄՆ դոլար, Ամերիկյան` “Fele Technologies” ընկերությունը` 18,944 մլն ԱՄՆ դոլար եւ իսպանական “MJGRUAS”-ը` 22,618 դոլար:

Նախարար Մանուկ Վարդանյանը նշել է, որ աշխատանքային խումբը իրականացրել է հայտերի գնահատում, որին մասնակցել են Ասիական զարգացման բանկի գնահատման փորձագետ: Գնահատումը ներառել է հայտերի լիարժեքության ստոգում, հայտերի` առաջադրված պայմաններին եւ ժամկետներին լիովին համապատասխանության գնահատում, թվաբանական սխալների ուղղումներ, հայտատուների իրավասության, փորձի եւ ֆինանսական կարգավիճակի գնահատում:

Հայտերի գնահատումից հետո հանձնաժողովը կայացրել է հետեւյալ որոշումները. “STRABAG International” հայտատուն համապատասխանում է բոլոր առաջադրված պայամններին, ունի փորձին վերաբերող որակավորում եւ ֆինանսական ռեսուրսներ` առաջարկվող պայմանագիրն իրականացնելու համար, սակայն հայտատուի առաջարկած գինը մոտ երկու անգամ գերազանցում է նախահաշվային գինը: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը` գնի անընդունելի բարձր լինելու պատճառով:

“Fele Technologies” հայտատուն ներկայացրել է նվազագույն գինը, սակայն չի նշել հայտի գինը հայտի նամակում: Հայտերի բացման ընթացքում գինն ընթերցվել է ծալաթերթիկից: Հայտատուն չի ներկայացրել պահանջվող փորձի վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ, շինարարական աշխատանքների իրականացման համար առաջարկել է 22 ամիս` նախատեսված 17,5 ամիսների դիմաց: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը պահանջվող փորձի ապացույցների բացակայության, շինարարական աշխատանքների համար սահմանված ժամկետի խախտման եւ հայտի նամակում հայտի գնի բացակայության պատճառով:

“MJGRUAS” հայտատուի մոտ չի բավարարում մրցութային փաստաթղթերով պահանջվող ասֆալտի վերամշակման, հողային աշխատանքների, ցեմենտ-բետոնե ծածկով ճանապարհների իրականացման մասով փորձը: Հանձնաժողովոը որոշել է մերժել հայտը` պահանջվող փորձի բացակայության պատճառով:

Ելնելով վերը նշվածից հանձնաժողովը որոշել է հայտատուներից ոչ մեկին հաղթող չճանաճել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---