Հայաստանում տեղի կունենա մրցակցության հարցերին նվիրված ՄԱԿ-ի հերթական համաժողովը

PanARMENIAN.Net - Հայաստանյան մրցակցային իրավիճակը ներկայացվել է Շվեյցարիայում անցկացվող մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են ավելի քան 100 երկների մրցակցային մարմինների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի աշխատանքային մեկ ամբողջ օր նվիրվել է Հայաստանի մրցակցային իրավիճակի, այդ ոլորտում ձեռնարկված բարեփոխումների ներկայացմանն ու քննարկմանը: ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցի հրապարակումից հետո ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մեր երկրում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերը, որոնք կատարվում են միջազգային կառույցներից ստացված առաջարկությունների եւ խորհուրդների հիման վրա:

Մասնավորապես, ներկայացվել է մրցակության բարելավմանն ուղղված եռամյա ռազմավարության ծրագիրը և մրցակցային օրենսդրության մեջ կատարվող բոլոր փոփոխությունները, որոնք հիմնականում իրականացվում են հաշվի առնելով ՄԱԿ-ի փորձագիտական խմբի և այլ միջազգային կազմակեպությունների առաջարկությունները:

Համաժողովի մասնակիցները և կազմակերպիչները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Փորձագիտական առաջարկներին արագ եւ արդյունավետ արձագանքելու Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը: Մասնակից երկներից շատերը ցանկություն են հայտնել հետևելու Հայաստանի սկսած բարեփոխումների օրինակին։

Համաժողովի շրջանակներում Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդի հետ, որը ևս բարձր է գնահատել բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը եւ դրա արդյունքում առաջարկել է մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի հերթական համաժողովը հաջորդ տարի անցկացնել Հայաստանում:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որեւէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---