Թուրքիան կարող է փորձել ժխտել Հայոց ցեղասպանությունը, սակայն նա չի կարող թաքցնել հայ երեխաների գերեզմանները

Թուրքիան կարող է փորձել ժխտել Հայոց ցեղասպանությունը, սակայն նա չի կարող թաքցնել հայ երեխաների գերեզմանները

PanARMENIAN.Net - Լիբանանի Անթուրայի Սբ Հովսեփ ֆրանսիական քոլեջի տարածքում է գտնվում Հայոց ցեղասպանության արդյունքում որբացած հայ երեխաների գերեզմանոցը: Այդ մասին PanARMNEIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայ գիտնական Միսաք Քելեշյանը: Ըստ նրա, այդ մասին նա բոլորովին պատահական է իմացել:

«2005թ. «Մարաշի առյուծները» գրքում ես տեսա Ջամալ-փաշայի և քոլեջի տնօրեն Հալիլ Էդիբի լուսանկարը՝ նրանք պատկերված էին Անթուրայի Սբ Հովսեփ ֆրանսիական քոլեջի մոտ»,-ասել է Քելեշյանը: Ինչպես հետագայում հաջողվեց պարզել Քելեշյանին, 1915-18թթ. այդ քոլեջ 1200 որբ է բերվել, որոնցից 1000-ը հայեր են եղել: «Դպրոցում անմիջապես ձեռնամուխ եղան հայ երեխաների թրքացման գործին: Հիմնականում այնտեղ սովորում էին 3-15 տարեկան երեխաներ, նրանց արգելված էր խոսել, երգել կամ աղոթել հայերեն լեզվով: Անհնազանդության դեպքում հայ երեխաները ենթարկվում էին «ֆալակայի»: Դա պատժամիջոց էր, որի ժամանակ հարվածում են բոբիկ ոտնաթաթերին, և որը լայն տարածում ուներ Օսմանյան Թուրքիայում՝ այդպես էին պատժում հանցագործներին, պարտատուներին, ինչպես նաև ինչ-որ մեղք գործած երեխաներին ու աշակերտներին»,-ասել է Քելեշյանը: Ինչպես ասել է Քելեշյանը, երբ նա այցելեց քոլեջ, նրան պատմեցին, որ հայ երեխաների գերեզմանները հայտնաբերվել են 1933թ. իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ: Դրանից հետո Քելեշյանը գործունեություն ծավալեց, որպեսզի այդ որբերի գերեզմաններին խաչքար տեղադրվի: «Ես բազմիցս եմ բարձրաձայնել այս հարցը Սիրիայում, Լիբանանում և ԱՄՆ-ում, սակայն 5 տարվա ընթացքում ոչ ոք այդպես էլ չարձագանքեց»,-ասել է նա: 2010թ. նրան դիմեց Գյումրիի «Գոհար» երգչախմբի հիմնադիրներից մեկը՝ Հարութ Խաչատրյանը: «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի հիմնադիրները հոգացին խաչքարի և գլոբուսով տղայի քանդակի ստեղծման ծախսերը, որոնց հեղինակն է Րաֆֆի Թոքաթլյանը՝ այս խնդրի վրա աշխարհի ուշադրությունը գամելու համար»,-ասել է Քելեշյանը՝ հավելելով, որ 2,5 ամսվա ընթացքում խաչքարը տեղափոխվեց Գյումրիից Անթուրա: Ըստ Քելեշյանի, դպրոցի ղեկավարությունը տեղյակ է, թե ինչ է կատարվել այնտեղ 1915-18թթ., ուստի անհատույց տարածք է տրամադրել գերեզմանի և խաչքարի ու հուշարձանի տեղադրման համար: «Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ հուշարձանի պաշտոնական բացումը»,-ասել է նա:

Քելեշյանը պատմել է նաև, որ 1915-18թթ. քոլեջում սովից ու հիվանդություններից շուրջ 300 հայ երեխա է զոհվել: «Երբեմն նրանք հավաքում էին իրենց մահացած ընկերների ոսկորները, ինչ-որ կերպ սովից փրկվելու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---