Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջագիր են ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջագիր են ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Պահանջագրում, մասնավորապես, ասվում է. «Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ շարժումների ներկայացուցիչներս` ընտրական գործընթացքում կեղծիքների, լցոնումների եւ այլ խախտումների բացառման, այդ գործընթացը առավել թափանցիկ դարձնելու, ինչպեսեւ ՀՀ քաղաքական համակարգի կայացման նպատակով պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից ՀՀ ընտրական օրենսգրքում առաջիկայում նախատեսված փոփոխությունները կատարելիս ապահովել դրանում հետեւյալ հինգ դրույթների ներառումը.

1. ՀՀ ԱԺ ընտրությույնների անցկացում բացառապես համամասնական ընտրակարգով.

2. Քվեարկության մատյանների (քվեարկած քաղաքացիների ստորագրություններով) թափանցիկություն/հրապարակայնություն (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները պատճենահանվում են և փակցվում համապատասխան ընտրական տեղամասում).

3. Քվեարկության կազմակերպման և հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում: Ընդ որում, վստահված անձի, դիտորդի, ինչպես նաև ԶԼՄ-ի կողմից կարող է նույն սկզբունքով իրականացվել տեսաձայնագրում.

4. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորում բացառապես ՀՀ Ազգային Ժողովում խմբակցություններ ունեցող կուսակցությունների կողմից` յուրաքանչյուրից երկուական ներկայացուցչի նշանակմամբ: Ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովների կազմավորում նույն սկզբունքով. ընտրատարածքայինների անդամներին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից նշանակման, իսկ տեղամասայինների անդամներին` ԸԸՀ-րի անդամների կողմից նշանակման միջոցով: Ընդ որում, բոլոր մակարդակների` ԿԸՀ անդամներին նշանակող կուսակցությունները եւ ԸԸ, ՏԸ հանձնաժողովների անդամներին նշանակող պաշտոնատար անձիք պետք է իրավունք ունենան ետ կանչել (փոփոխել) իրենց նշանակած անձանց:

5. Քաղաքական համակարգում կանանց ներգրավվածության մեծացում. այդ նպատակով կանանց թվի համամասնության մեծացում ընտրացուցակներում մինչև 30 տոկոս: Օրենքում նաեւ ամրագրել, որ կին պատգամավորի կողմից մանդատը վայր դնելու դեպքում նրա փոխարեն մանդատը ստանձնում է ցուցակում հաջորդ կին թեկնածուն, իսկ այդպիսիի բացակայության դեպքում` պատգամավորական այդ տեղը մնում է թափուր»:

Պահանջագիրը ստորագրել են “Թրանսփերենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ և մի շարք այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---