Արցախի նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Արցախի նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նոյեմբերի 18-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել հայկական կառույցների ղեկավարների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերություններին, հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը` այն համարելով հայ ժողովրդի եւ նրա պետականության առջեւ ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական եւ թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին Արցախին սատարելու համար` նշելով, որ Արցախում մշտապես զգում են Սփյուռքի մեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:

Ինչպես հայտնում է Արցախի նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության պատվիրակության անդամները, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, բարերարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---