Հովիկ Աբրահամյան. Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր գնահատեց այս տարվա մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը: Փոխգործակցության ամրապնդման առումով Սիրիայի նախագահը չափազանց կարևոր համարեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Սիրիա: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը` կարևորելով շփումների և փոխայցերի ակտիվացումը: Նա անգնահատելի համարեց սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով և նշեց, որ հայ համայնքը իր գործունեությամբ մեծապես նպաստել և նպաստում է Սիրիայի զարգացմանը և հզորացմանը: Նախագահ Բաշար ալ-Ասադը կարևոր համարեց նաև տնտեսական համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սիրիայի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և բարեմաղթանքները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է անգնահատելի նշանակություն և հայ ժողովրդի գոյատևումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում: ԱԺ նախագահի խոսքով` Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունում և երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերը և բարձր մակարդակի շփումները ամուր հիմք են Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար: Հովիկ Աբրահամյանը նույնպես կարևորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, փոխայցերը: Նրա խոսքով` Հայաստանը կարևորում է հայ-սիրիական քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության ավելի ամրապնդումը և խորացումը: Հայաստանն, իր հերթին, զգալի ջանքեր է ներդնում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման, փոխվստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցերի, երկուստեք շեշտվեց, որ հիմնախնդիրները պետք լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով, տարածաշրջանում պետք է լինի կայունություն և խաղաղություն, քանի որ պատերազմները որևէ երկրի և ժողովրդի, բացի մարդկային և նյութական կորուստներից, որևէ օգուտ չեն բերել, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---