Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն պարգևատրվեց ԱԺ Պատվո մեդալով

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն պարգևատրվեց ԱԺ Պատվո մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ համերգային ծրագրով Հայաստանում գտնվելու կապակցությամբ հանրահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն պարգևատրվեց ԱԺ Պատվո մեդալով:.

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի Ազգային ժողովում հյուրընկալել Ձեզ նման համաշխարհային մեծության աստղի: Հարգելի մաեստրո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ավանդաբար Պատվո մեդալի է արժանացնում գործունեության տարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների: Երգարվեստի բնագառավում Դուք առաջինն եք արժանանում Հայաստանի խորհրդարանի բարձրագույն այս պարգևին այդ ոլորտում մարդկությանը մատուցած մեծ ծառայությունների համար: Ուզում եմ հուսալ, որ Ձեր բարձր տիտղոսների ու պարգևների կողքին Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալը կունենա իր ուրույն տեղը` նկատի ունենալով, որ այն իր մեջ կրում է մեր ջերմ զգացումն ու երախտիքը Ձեր արվեստի նկատմամբ: Ձեր երևանյան համերգը, վստահ կարող եմ ասել, որ մեր մշակութային կյանքի շրջադարձային իրադարձություններից է»,- արարողության ժամանակ հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի արժանանալու համար` Պլասիդո Դոմինգոն իր հերթին նշեց, որ Հայաստան իր այցելությունը ուշացած է, քանի որ երկար ժամանակ ցանկություն է ունեցել այցելել Հայաստան: Նա հույս հայտնեց, որ առաջին համերգը հիմք կդնի ապագա շարունակական ու գեղեցիկ նոր նախագծերի համար:

Լինելով Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծված «Եվրոպան միասին» ասոցիացիայի նախագահ` նա հորդորեց մշակութային հնագույն ժառանգություն ունեցող հայ ժողովրդին հետևողականորեն պահպանել այդ հարստությունը: «Իմ և ասոցիացիայի անունից ես ուզում եմ հույս հայտնել, որ Կովկասի տարածաշրջանը, որը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում, կլինի խաղաղության և բարգավաճման կենտրոն, կկարողանա իր հազարամյա ժառանգությունը պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին»- ավարտեց իր խոսքը աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---