ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամին բարձր է գնահատում Հայաստանի արդյունավետ աշխատանքը

ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամին բարձր է գնահատում Հայաստանի արդյունավետ աշխատանքը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ից 10-ը Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների հանձնաժողովի նիստի օրակարգում դրված է ԱՀԿ Պետական գնումների մասին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը:

Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, հանձնաժողովի նիստին մասնակցելու և Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման նպատակով դեկտեմբերի 5-11-ը Շվեյցարիայի Համադաշնություն կգործուղվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը:

2003 թվականին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի շրջանակներում ՀՀ-ը ստանձնել է ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրին անդամակցելու պարտավորություն: Համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցը ամրագրված է նաև ԵՄ-Հայաստան Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների նախապատրաստական գործընթացում: Համաձայնագրին անդամակցության գործընթացը սկսվել է 2009 թվականին: Համաձայնագրին միանալու ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև ամբողջ բանակցային գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ ֆինանսների նախարարությունների աշխատակիցներից կազմվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է մեծածավալ և աննախադեպ աշխատանքներ: Մասնավորապես` Համաձայնագրին ՀՀ անդամակցության շրջանակներում նախ պատրաստվել և ԱՀԿ քարտուղարությանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության նախնական առաջարկի (Initial Offer) փաթեթը: Այնուհետեև, 2009թ. դեկտեմբերին, 2010թ. փետրվարին, հուլիսին և հոկտեմբերին ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՀԿ Պետական գնումների Հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ բանակցությունների արդյունավետ փուլեր է անցկացրել ԱՀԿ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների հետ` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Շվեյցարիայի Համադաշնություն, Եվորպական Միություն, Ճապոնիա, Նորվեգիա, Սինգապուր, ինչպես նաև ԱՀԿ Պետական Գնումների մասին համաձայնագրի անդամ այլ երկրների հետ (ԱՀԿ Պետական Գնումների մասին համաձայնագրի անդամ են հանդիսանում ԱՀԿ 153 անդամ-երկրներից միայն 40-ը, իսկ 23-ը ունեն դիտորդի կարգավիճակ), որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից ԱՀԿ քարտուղարություն ներկայացված առաջարկի փաթեթը, այնուհետև նաև դրա վերանայված տարբերակները, պատվիրակությունների կողմից բարձրացված հարցերը, առաջարկություններն ու նկատառումները, ինչպես նաև Պետական գնումների ոլորտում ՀՀ օրենսդրությունը` ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրի դրույթներին համապատասխանության տեսանկյունից:

Բանակցային գործընթացում հանձնաժողովի նախագահի, անդամների և երկրների պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամիի կողմից շատ բարձր է գնահատվել Հայաստանի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը և բազմիցս նշվել է, որ Համաձայնագրին ՀՀ անդամակցության գործընթացը ժամանակային առումով կլինի աննախադեպ, իսկ անդամակցության նման նպատակաուղղված գործընթացը կդառնա մոդել բոլոր մնացած երկրների համար:

Բանակցային գործընթացի նախորդ ամփոփիչ փուլի ընթացքում ՀՀ պատվիրակությունը երկկողմ ձևաչափով բանակցությունների և հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացրել է Հայաստանի վերջնական վերանայված առաջարկի նախագիծը (Final Revised Offer): Հաստատելով այն և նշելով, որ բանակցությունները կարող են համարվել ավարտված, Հայաստանի անդամակցության հարցը ներառվել է Հանձնաժողովի դեկտեմբերի 6-ից 10-ը կայանալիք նիստի օրակարգում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---