Orange-ը և Շեն-ը շարունակում են համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը Տավուշի մարզում

Orange-ը և Շեն-ը շարունակում են համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը Տավուշի մարզում

PanARMENIAN.Net - Orange-ը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:

Բարեգործական ծրագրերի շրջանակներում վերաբացվեցին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցի և Ջուջևան գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճները: Ջուջևան գյուղի մարզադահլիճը վերանորոգվել է USAID-ի միջոցներով, CHF և Շեն կազմակերպությունների համատեղ ջանքերով, իսկ Նոյեմբերյանի մարզասրահի վերանորոգումն իրականացվել է համայնքի ջանքերով: Մարզադահլիճները վերազինվել են մարզական գույքով Orange-ի միջոցներով` ընկերության ռազմավարական գործընկեր «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ռազմավարական գործընկերության շրջանակներում: «Որպես երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր ունեցող ընկերություն` մենք ցանկանում ենք նաև մեր ներդրումն ունենալ այլ` «ոչ հաղորդակցային» ոլորտներում, և որպես մեր բարեգործական ծրագրերի առանցք սահմանել ենք այն ամենը, ինչ վերաբերում է երեխաներին, ինչպես նաև խոցելի գյուղական համայնքներին: Մեզ համար խիստ կարևոր է այն փաստը, որ այս ծրագրի իրականացման գործում մասնակցություն են ունեցել ինչպես «Շեն» կազմակերպությունը, այնպես էլ համայնքները: Համայնքների ներգրավվածությունը մեզ համար երաշխիք է ծրագրի կենսունակության համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 5,607,000 դրամ:

Տավուշի մարզի մեկ այլ գյուղում` Սևքարում, մոտ մեկ ամիս առաջ բացվել է գյուղի մանկապարտեզը` առաջին իսկ օրվանից դիմավորելով 62 սաների: Մանկապարտեզի վերականգնման և կահավորման աշխատանքները համատեղ իրականացրել են USAID, CHF, World Vision, UNDP, Orange և «Շեն» կազմակերպությունները, ինչպես նաև մասնավոր բարերարներ: Աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև համայնքը: Orange-ն իր ներդրումն է ունեցել հատկապես մանկապարտեզի կահավորման գործում, որի համար տրամադրել է 4,660,000 դրամ:

«Մեր համագործակցությունն Orange-ի հետ սկսվեց մեկ տարի առաջ, և այս ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք տասից ավելի նախագծեր: Մեր մոտեցումները համընկնում են. Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ նաև իր մարզերն ու գյուղերը, այս պատճառով է, որ ուրախ ենք այս համագործակցության համար, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը և երկարաժամկետ իրագործումների է ուղղված»,- ասաց «Շեն»-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը, հաղորդում է Orange Armenia-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---