2011 թվականից Հայաստանը միգրացիաների հարցում կհամագործակցի Շվեդիայի ու Լիխտենշտեյնի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2010թ-ին կատարված աշխատանքները և 2011 թ-ի ծրագրերը:

Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, 2010 թվականին վավերացվել է ոլորտին վերաբերող 3 միջազգային պայմանագիր: Երկու երկրի` Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի հետ կնքվել են ռեադմիսիոն համաձայնագրեր: Հայաստանը ներկայումս այդպիսի համաձայնագրեր ունի 13 պետության հետ, ևս չորս երկրի հետ շարունակվում են բանակցությունները` նմանատիպ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ: Միգրացիոն ոլորտում առավել ընդլայնված համագործակցության հաստատման վերաբերյալ բանակցություններ են վարվում Ֆրանսիայի և Քաթարի հետ: Ոլորտում 2011թ. երկկողմ գործակցություն կծավալվի Շվեդիայի, Լիխտենշտեյնի հետ:

Աշխատանքներ են կատարվել ոլորտի օրենսդրության բարելավման, միջպետական պայմանագրերի կնքման, ինչպես նաև միգրացիոն կառավարման համակարգը ԵՄ համակարգին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այդ նպատակին է ուղղված «Աջակցություն միգրացիոն մարմնի կարողությունների հզորացմանը» ծրագիրը, որի իրականացումը նախատեսվում է 2012թ-ից և տևելու է 27 ամիս:

2011թ. անելիքներից առանձնացվեց նաև «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի» իրականացումն ապահովող գործողության ծրագրի, Հայաստանից անկանոն միգրացիոն հոսքերի ծավալների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակումն ու ներկայացումը ՀՀ կառավարություն և այլն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---