Թուրքիան պետք է հասկանա եվրոպական արժեքներն առնվազն իր իսկ զարգացման համար

Թուրքիան պետք է հասկանա եվրոպական արժեքներն առնվազն իր իսկ զարգացման համար

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատումը Հայաստանի գլխավոր նպատակներից է, սակայն, այդ ճանապարհին Հայաստանի հետևողական փորձերը հայտնվում են փակուղում: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է` ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում: Ինչպես նշել է նախագահը, Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու Հայաստանի անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց թուրքական կողմի հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով: «Նախապայմանների պատին դեմ առան մեր և գործընթացում ակտիվորեն ներգրավված մեր գործընկերների ջանքերը: Մենք առավել քան բարոյական և իրավական հիմքեր ունեինք նախապայմաններ առաջ քաշելու։ Բայց մենք ուժ գտանք հաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժվել»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն: Սակայն, ինչպես նշել է նախագահը, տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ և ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: «Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»,- հայտնել է Հայաստանի նախագահը:

Այս համատեքստում նախագահն անդրադարձել է Թուրքիայի «հարևանների հետ զրո պրոբլեմ» ուղեգծով քաղաքականությանը` նշելով, որ Թուրքիան այդ ուղեգիծն ընկալում է որպես բոլոր հարևանների հնազանդությունն իր կամքին: «Գուցե կան հարևաններ, որոնց համար դա նույնիսկ շահավետ է, բայց վստահորեն մենք դրանց թվին չենք պատկանում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել է, որ մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել հայ ժողովրդին, չի կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության:

Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանն իրեն համարում է եվրոպական արժեքների կրող և եվրոպական ընտանիքի մաս և իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եվրոպական կառույցների սերտ աջակցությամբ: Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար և եվրոպական արժեքներին դավանող հարևաններ, հարևաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ և բանակցություններով և ոչ թե սպառնալիքներով: «Հուսով ենք, որ Թուրքիան կհասկանա և կգնահատի նույն այդ արժեքների կարևորությունն իր իսկ կայուն զարգացման և բարեկեցության համար»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---