Ադրբեջանում ապագա հեղափոխականին ձերբակալել են որպես դասալիք

Ադրբեջանում ապագա հեղափոխականին ձերբակալել են որպես դասալիք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Գաջիևի ձերբակալության պատճառը եղել է «զինվորական ծառայությունից խուսափելը»: Հանրապետական դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովի խոսքերով, Գաջիևի նկատմամբ հունվարի 24-ին հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 321.1 հոդվածի համաձայն: «Մարտի 4-ին որոշում է ընդունվել Գաջիևին ձերբակալելու մասին: Նրա նկատմանբ խափանման միջոց է ընտրվել մեկամսյա բանտարկությունը»,- ասել է նա՝ շաբաթ օրը պատասխանելով Trend-ի հարցմանը:

«Խափանման միջոցի ընտրության ժամանակ Գաջիևին բացատրել են, որ նա ամեն օր ժամը 10:00-ին պետք է ներկայանա բաժանմունք: Բայց պարզվել է, որ նա մարտի 2-4-ը բաժանմունք գալուց հետո լքել է Գյանջա քաղաքի տարածքը և այլևս չի ներկայացել»,- ասել է Սուլթանովը:

Գաջիևը, որը Հարվարդի համալսարանի 29-ամյա շրջանավարտ է և պատգամավորության նախկին թեկնածու, «Մարտի 11՝ Մեծ ժողովրդական օր» խմբի հիմնադիրներից մեկն է: Facebook-ի իր էջում նա գրել է. «Արաբական աշխարհում իրադարձությունների շնորհիվ մենք իմացել ենք, որ երբ ժողովուրդն ազատություն է պահանջում, ապա նա այն ստանում է: Մենք կոչ ենք անում ձեզ ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ և Ադրբեջանում միասին կառուցել արդար, ազատ և երջանիկ հասարակություն»:

Նախօրեին ադրբեջանական «Yeni Musavat» թերթը հաղորդել է, որ Ադրբեջանի իշխանությունները լրջորեն մտահոգված են երկրում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվելու հնարավորությամբ և այդ պատճառով զորքեր է մտցնում Բաքու: Բաքվում ՊՆ, արդարադատության նախարարության, նախագահական գվարդիայի և ՌՕՈՒ զինվորական մասերը մարտական պատրաստության են բերվում: «Մարտի 11՝ Մեծ ժողովրդական օր» խմբին արդեն միացել է 20 հազար օգտագործող:

Մարտի 12-ին Բաքվում նախատեսված է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության բողոքի ակցիան: Բաքվում իշխանությունների գործողությունները գնահատվում են որպես ընդվզումները ճնշելու պատրաստություն: Թեև որոշ փորձագետներ կարծում են, որ ադրբեջանական իշխանություններն իզուր են անհանգստանում, բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում պատրաստվում են լուրջ իրադարձությունների, գրում է «Yeni Musavat» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---