Բանակցային ձևաչափի պահպանումն արդեն իսկ վատ արդյունք չէ, կարծում է Սերգեյ Մարկեդոնովը

Բանակցային ձևաչափի պահպանումն արդեն իսկ վատ արդյունք չէ, կարծում է Սերգեյ Մարկեդոնովը

PanARMENIAN.Net - Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են վերադառնալ աստրախանյան կետին: Այսպիսով, հակամարտության կարգավորման մեջ իրական առաջխաղացում չկա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Հերթական նահանջից հետո կողմերը վերադարձան նրան, ինչի մասին պայմանավորվել էին կես տարի առաջ: Այսօր բանակցային ձևաչափի պահպանումն արդեն իսկ վատ արդյունք չէ. և Ադրբեջանի համար, որի համար պատերազմը հղի է լուրջ հասարակական ցնցումներով, և Հայաստանի համար, որն այդ իրավիճակում վտանգում է կորցնել այն, ինչ ձեռք է բերել 90-ականներին, և չճանաչված ԼՂՀ-ի համար, քանզի պատերազմը վտանգի տակ կդնի նրա քաղաքական և ֆիզիկական գոյությունը: Եվ Ռուսաստանի համար, քանի որ այդ իրավիճակում նա ստիպված կլինի ընտրել Երևանի և Բաքվի միջև, ինչը կարող է ազդել Հարավային Կովկասում նրա դիրքերի վրա, և ԱՄՆ համար, քանի որ դա կշեղի Վաշինգտոնին Աֆղանստանից և Մերձավոր Արևելքից»,- ասել է Մարկեդոնովը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը:

Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

«Նախագահները նշել են իրենց կանոնավոր հանդիպումների կարևոր նշանակությունը ղարաբաղյան կարգավորման համար և պայմանավորվել շարունակել դրանք նման ձևաչափում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի հետ միասին»,- ասվում է հայտարարությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---