Մարտի 8-ից ապրիլի 7-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անցկացվում է կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակ

Մարտի 8-ից ապրիլի 7-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անցկացվում է կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակ

PanARMENIAN.Net - 2011թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում անցկացվում է կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակ։ «Ձեզ համար, կանայք» խորագրով արդեն ավանդական դարձած այս ակցիայի շրջանակներում կենտրոն դիմած հիվանդները անվճար բժշկական օգնություն են ստանում գինեկոլոգիական և վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ` բաց և էնդոսկոպիկ եղանակներով: Միամսյակի մեկնարկի առիթով ԲԿ էին այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը և առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը։

«Հաշվի առնելով նախկին տարիների դրական արդյունքը և բազմաթիվ կանանց դիմումները` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ այս տարի ևս իրականացվում է բարեգործական այս ակցիան։ Միջոցառման շրջանակներում այս տարի ընդգրկված են նաև քաղաքապետարանի ենթակայության համաբուժարանները, ուր կարող են ներկայանալ մեր քաղաքացիները, հետազոտվել և համապատասխան ուղեգրով արդեն ներկայանալ բժշկական կենտրոն` անվճար վիրահատության կամ բժշկական այլ միջամտության համար»,- միամսյակի մեկնարկի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն իր հերթին նշել է, որ ակցիայի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին։

2010թ. միամսյակի շրջանակներում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր դիմել 315 հիվանդ։ Նրանցից գինեկոլոգիական խնդիրներով վիրահատվել է 113-ը. 60 կին վիրահատվել է վիրաբուժական տարբեր խնդիրներով, մնացած հիվանդները, դարձյալ անվճար հիմունքներով, ստացել են նեղ մասնագիտական խորհրդատվություն։ Անվճար վիրահատության ենթարկված կանանցից 120-ը եղել են Երևանից, 53-ը՝ հանրապետության տարբեր մարզերից և Արցախից։ 2010թ. բարեգործական ծրագրի արժեքը շուրջ 26 միլիոն դրամ է կազմել, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---