Մարսելի հայերը պահանջել են ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Մարսելի հայերը պահանջել են ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Մարսել քաղաքի հայերը ցույց անցկացրեցին` Ֆրանսիայի Սենատից պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին ֆրանսիացի սենատորներ, որոնք Սենատում իրենց գործընկերներին կոչ էին անում ընդունել XX դարի առաջին ցեղասպանության ժխտման համար քրեական պատասպանատվության մասին օրենքը:

Ինչպես հաղորդում է Nouvelles d'Arménie-ն, ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ: CCAF փոխնախագահ Ժուլյեն Հարությունյանի խոսքով, Ֆրանսիայի հայ համայնքը վրդովված է, որ Սենատը մինչ օրս արգելափակում է այդ օրինագծի ընդունումը:

Նշենք, որ մարտի 12-ին Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքն ընդունելու պահանջով ցույց կայացավ Փարիզում: Ցույցին մասնակցում էր մոտ 3000 մարդ, այդ թվում` աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, սակայն Սենատն արգելափակեց օրինագծի ընդունումը:

Ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել էր մի փաստաթուղթ, որում ասվում է, որ Նիկոլյա Սարկոզին Թուրքիային վստահեցրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչն Ազնավուրի վրդովմունքն էր առաջ բերել:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---