15 մարտի 2011 - 13:04 AMT
ՆՓԱԿ-ում կներկայացվի Վահան Ղուկասյանի «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը

Վահագն Ղուկասյանի անհատական աշխատանքների «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը, որ իրականացվում է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, հանդիսատեսին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ անդրադառնալ գեղանկարչական արվեստի ինքնավարությանը և նրա ազատագրող էությանը` վերապրելով գեղանկարչության պատմությունը որպես մեկ արվեստագետի նկարչական կենսագրություն: «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը կազմված է երկու գեղանկարչական շարքից` «Ծաղիկների իշխանություն» և «Գույների արվեստանոց»: «Ծաղիկների իշխանություն» շարքը բաղկացած է ութ կտավներից: Դրանցից հինգում ամբողջ մակերեսով մեկ պատկերված են ծաղիկներ, իսկ երեքը դիմանկարներ են, ուր ծաղիկները շարունակում են իմաստային և պատկերային գերակա դեր խաղալ: Այն կտավները, որտեղ միայն ծաղիկներ են պատկերված, մեզ տեղափոխում են հայկական մոդեռն նկարչության դասականների աշխարհը, որ սկսվում է Մարտիրոս Սարյանի ծաղկազարդ նկարներով և հասնում մինչև Վիգեն Թադևոսյանի վերացական կոմպոզիցիաները:

«Ծաղիկների իշխանություն» շարքի երեք դիմանկարներում ամբողջովին ծաղիկների մեջ սուզված ֆիգուրներ են: «Ծաղկամայր» վերնագրով դիմանկարում 60-70-ականների «ծաղիկների երեխաների» սերնդի ներկայացուցիչն է: Նա մեկ ակնթարթ շեղվել է իր տրանսցենդենտալ գրականությունից և ուշադիր նայում է մեր հասարակությանը, ուր ապրում են իր զավակները, որոնք «հիպիական հեղափոխության» դեռևս չիրականացած խոստումներով ձևավորված սերունդն են: Նրանք, ինչպես և նրանց ծնողները, առանց չափազանցության իրենք իրենց կարող էին կոչել «սիրո ամառվա» կամ «ծաղիկների երեխաներ»: «Կրակ» վերնագրով կտավի մեջ գունավոր ծաղիկների միջավայրում գունավոր բանջարեղենով խորոված սարքող «ծաղիկների երեխաներ»-ի «ամառային սիրո» զավակն է, ով ժպիտը դեմքին նայում է մեզ և ձեռքի վստահ ժեստով խոստանում ազատության հաղթանակը:

«Գույների արվեստանոց» շարքը կազմված է տասնհինգ կտավներից, որոնք տարբեր դիտակետերից ցուցադրում են նկարչության ավանդական տեխնիկայի գործիքները` մոլբերտ, կտավներ, պալիտրա, վրձիններ, ներկեր և այլն: Արվեստանոց, որ նայում է ինքն իրեն: Հատակին դրված նկարչական պիտույքները նայում են մոլբերտի վրա դրված ու պատին կպցրած կտավներին և հակառակը` մոլբերտի վրա դրված ու պատին կպցրած կտավները նայում են հատակին ու աթոռներին դրված ներկերին, վրձիններին: Եվ այս ամենը կոնտրաստների ու ռիթմերի, լույսերի և գույների մեջ: «Գույների արվեստանոց»-ն արտադրում է ինքն իրեն: Արվեստը ոչ մի իմաստ չունի, նրա միակ իմաստը ինքն իրեն իմաստավորելն է, որ հնարավոր է դառնում, երբ ներկերն իրենք են նկարում, երբ ամենատարբեր գույների վիձինները ազատորեն ռիթմեր են ստեղծում սպիտակ մակերեսի վրա: «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը գեղանկարչական մենախոսություն է` արտասանված ներկայի անտարբեր աղմուկի և ապագայի ուշադիր լռության մեջ:

Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 2-ը: