Երիտասարդները շաբաթօրյակ էին նախաձեռնել Օշականի հուշահամալիրում

Երիտասարդները շաբաթօրյակ էին նախաձեռնել Օշականի հուշահամալիրում

PanARMENIAN.Net - Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ավելի քան 300 ներկայացուցիչներ 1827թ. տեղի ունեցած Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի շրջակայքում նախաձեռնել էին շաբաթօրյակ: Հիշեցնենք, որ համալիրի բարեկարգումն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ` «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության կողմից:

Կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց նրանց կողմից հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը գիտակցելու անհրաժեշտությունը:

«Ռուսաստանն այսօր հանդիսանում է Հայաստանի ամենահավատարիմ եւ հուսալի գործընկերը: Նույնպիսին է եւ Հայաստանը` Ռուսաստանի համար: Այս հուշահամալիրի վերածնունդը նաեւ հիշողության, խղճի եւ հարգանքի վերածնունդ է: Այն յուրատեսակ հիշեցում է ապագա սերունդներին, որ մեր ժողովուրդների դարավոր կապը պետք է զարգանա եւ ամրապնդվի: Մենք հետագայում եւս պատրաստվում ենք վերականգնել հայ-ռուսական համատեղ պատմության էջերը»,- նշել է Նիկողոսյանը` հավելելով, որ հուշահամալիրի վերակառուցման աշխատանքները կավարտվեն ապրիլի կեսերին, իսկ բացումը տեղի կունենա հայ-ռուսական միջմարզային համաժողովի շրջանակներում` Ռուսաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ, ասվում է «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» նախագծի մամլո հաղորդագրության մեջ:

Երիտասարդները ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ «Պատվի գործ» կազմակերպության առաջին խոշոր ծրագրի` Գյումրիում գտնվող XIX դարի ռուս-թուրքական պատերազմներում զոհված սպաների Պատվո Բլուր գերեզմանատան վերականգնման վերակառուցման ընթացքում: Հուշահամալիրը բացվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցյալ տարվա օգոստոսի 20-ին` ռուսական պետության ղեկավարի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում:

Օշականի ճակատամարտը` 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է, որի արդյունքում Արեւելյան Հայաստանը, ազատագրվելով պարսկական լծից, միավորվել է Ռուսաստանին: 1827թ. օգոստոսի 17-ին պայքար էր ծավալվել գեներալ Աֆանասիյ Կրասովսկու ջոկատի եւ պարսից թագաժառանգ Աբբաս Միրզա արքայազնի բանակի միջեւ: Վերջինս, փորձելով կանխել ռուսական զորքի առաջխաղացումը, նախահարձակ եղավ Էջմիածնի ուղղությամբ, սակայն, ունենալով ուժերի ճնշող գերակայություն` 30000-ը 3500-ի դիմաց, մարտը տանուլ տվեց: 1833-1834թթ., ի հիշատակ Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների, կառուցվել էր հուշահամալիր, որը մեր օրերում գտնվում էր անբարեկարգ ու լքյալ վիճակում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---