ԵԽ երևանյան գրասենյակը տեղյակ չէ, որ Նուբարաշենի բանտում հացադուլը շարունակվում է

ԵԽ երևանյան գրասենյակը տեղյակ չէ, որ Նուբարաշենի բանտում հացադուլը շարունակվում է

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը տեղյակ չէ, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկության դատապարտված բանտարկյալները մինչև օրս շարունակում են հացադուլը, որը սկսվել է մարտի12-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ԵԽ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: Հիմնվելով հայկական ԶԼՄ-երի կողմից տարածված տեղեկատվության վրա այն մասին, որ հացադուլը դադարեցվել է, ԵԽ երևանյան գրասենյակը ոչ մի քայլ չի ձեռնարկել իրավիճակը պարզելու համար: «Սակայն քանի որ մենք իմացանք, որ հացադուլը շարունակվում է, հարցում կկատարվի ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար»,- ասել են գրասենյակի մամլո ծառայությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկության դատապարտված 70 կալանավորները դադարեցրել են մարտի 12-ին սկսած հացադուլը, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, մինչ օրս հացադուլը շարունակում են Սերգեյ Մովսիսյանը (1983թ.), Մանուկ Սեմերջյանը (1968թ.), Սերգեյ Պետրոսյանը (1968թ.) և Արսեն Արուշանյանը (1973թ.): Կալանավորները պահանջում են ընդամենը մարդավայել պայմաններ ապահովել: Ինչպես հայտնի է դարձել, վերջերս բանտի ղեկավարությունը բանտախցերի ներսից՝ պատուհանից 1 մ հեռավորության վրա ճաղավանդակներ է տեղադրել, ինչը ծանր հոգեբանական ճնշում է առաջացնում կալանավորների մոտ, որոնք չեն կարող մոտենալ պատուհանին: Նման որոշման պատճառը զբոսանքի ժամանակ կալանավորներից մեկի փախուստի դիմելու փորձն է եղել: Բացի այդ, կալանավորների մեծ մասը լուրջ առողջական խնդիրներ ունի և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն: Սակայն, բանտի ղեկավարությունը անտեսում է կալանավորների բողոքները, շարունակելով նրանց կերակրել այնպիսի սնունդով, որը նույնիսկ ուտելու ենթակա չէ: Հարազատներին չի թույլատրվում փոխանցել նրանց ձավարեղեն, բանջարեղեն: Միայն անցյալ տարի անմարդկային պայմանների պատճառով 15 մարդ է մահացել:

Բանտարկյալներից մեկի փաստաբանը` Նարինե Ռշտունին, հաղորդել է, որ կապված ստեղծված իրադրության հետ ինքն արդեն դիմել է նախագահի վարչակազմ, Օմբուդսմենին, Հայաստանի արդարադատության նախարարություն, ինչպես նաև ԵԱՀԿ և ԿԽՄԿ երևանյան գրասենյակներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---