Երևանում կներկայացվի արտահանման առաջին ուղեցույցը

Երևանում կներկայացվի արտահանման առաջին ուղեցույցը

PanARMENIAN.Net - Հայաստանյան գործարարներն այսուհետ կունենան գործնական օժանդակ նյութ՝ արտահանման ուղեցույց: Ուղեցույցը մշակվել է Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և Եվրոպական միության խորհրդատվական խմբի համատեղ նախաձեռնությամբ` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ: Ուղեցույցը հայաստանյան գործարար համայնքին և միջազգային դոնոր կազմակերպություններին կներկայացվի սեմինարի ընթացքում, որը տեղի կունենա 2011թ. մարտի 24-ին:

Արտահանման ուղեցույցը ներկայացնում է Հայաստանի ներքին ընթացակարգերը, որոնց հետևում են ձեռնարկատերերը` մինչ իրենց ապրանքների արտահանումը երկրից: Նյութը նախապատրաստվել է ՀՀ օրենսդրության և երկրում առկա գործարարության փորձի հիման վրա` ներառելով արտահանմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների քայլ առ քայլ կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ:

Ուղեցույցը ուսումնասիրում է արտահանման գործընթացն ընդհանուր գծերով, ներկայացնում է ընդհանուր տեղեկություններ ապրանքների արտահանման գործընթացի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ, ըստ հերթականության նշում արտահանման համար անհրաժեշտ քայլերը և ծանոթացնում է օտարերկրյա գործընկերների կողմից Հայաստանին տրամադրած արտոնյալ ռեժիմների ու Հայաստանի` արտաքին առևտրային գործընկերների հետ կնքած համաձայնագրերը: Ուղեցույցի յուրաքանչյուր մասը կարելի է դիտարկել առանձին, իսկ որպես ամբողջություն` նյութը ներկայացնում է արտահանման համակարգի ընդհանրական պատկերը: Հավելվածի տեսքով այստեղ ներառված են նաև դիմումի հայտաձևեր և գործընթացի տարբեր փուլերում ընդգրկված կառույցների ու տեղեկատվություն պատկան մարմինների վերաբերյալ:

Այն կունենա նաև առցանց տարբերակ, որը կտեղադրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պաշտոնական կայքում: Առցանց տարբերակը պարբերաբար կթարմացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից` հաշվի առնելով արտահանման գործընթացի վրա ազդող օրենսդրական և այլ փոփոխությունները:

Այս ուղեցույցը ստեղծվել է ԱԵՊԼԱԿ-ի և ԵՄ ԽԽ-ի փորձագետների կողմից, Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ` հաշվի առնելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի փորձագետների նկատառումները, հաղորդում է AEPLAC մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---