Հայաստանում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին

PanARMENIAN.Net - Մոտենում է մարդու կողմից կատարած առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակը: 1961թ. ապրիլի 12-ին Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով առաջինը բարձրացավ Երկրի ուղեծիր և 89 րոպեում մեկ պտույտ կատարեց Երկրի շուրջը: Նույն տարում ևս 3 թռիչք տեղի ունեցավ` երկուսը ամերիկացիների /Ալան Շեփարդ և Վիրջիլ Գրիսոմ/ և մեկը` խորհրդային մեկ այլ տիեզերագնաց Գերման Տիտովի կողմից: Այսպիսով տիեզերական դարաշրջանի սկիզբը դրվեց: Առ այսօր, տիեզերական թռիչքներ են կատարել 36 երկրների 530 տիեզերագնացներ:

Այս նշանակալից իրադարձության 50-ամյակը նշվում է մի շարք երկրներում: Ամենախոշոր միջոցառումը` Starmus փառատոնը, որին մասնակցելու են մի շարք ճանաչված տիեզերագնացներ, նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ընդհանուր առմամբ ավելի քան 5000 հյուրեր, տեղի կունենա հունիսի 20-25-ին Կանարյան կղզիներում, ընդ որում այն կազմակերպում է մեր հայրենակից աստղագետ Գարիկ Իսրայելյանը:

Հայաստանում նույնպես պատրաստվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, ըստ ՀՀ ԳԱԱ նախագահության և «Ռուսհամագործակցության» միջև կնքած համաձայնագրի, ապրիլի 12-ին ՀՀ ԳԱԱ նախագահության փոքր դահլիճում տեղի կունենա հանդիսավոր գիտական նստաշրջան, որտեղ կլսվեն մի շարք զեկուցումներ: Դրանից մեկ օր առաջ` ապրիլի 11-ին, Բյուրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա երիտասարդական սեմինար, որին կմասնակցեն ընտրված աշակերտներ և ուսուցիչներ: Նույնպես Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների Գագարինյան միջազգային գիտաժողով` «Բյուրականի պարզ երկնքի տակ» անվանմամբ /օրերը կհայտնվեն ավելի ուշ/: Մի շարք դպրոցներում կանցկացվեն գագարինյան ընթերցումներ և այլ միջոցառումներ: Ապրիլի սկզբին պատրաստվում են Հայաստան այցելել անվանի տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովը, Գեորգի Գրեչկոն և Վլադիմիր Ջանիբեկովը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---