Բակո Սահակյանը հրատապ է համարում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերականգնումը

Բակո Սահակյանը հրատապ է համարում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերականգնումը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության թատերական գործիչների հետ: Երկրի ղեկավարը շնորհավորել է Արցախի թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչերին Թատրոնի միջազգային օրվա առթիվ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտում տիրող իրավիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ: Համապատասխան զեկույցով հանդես է եկել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նախագահը նշել է, որ թատրոնը հանդիսանում է ազգային մշակույթի ու համամարդկային արժեքների պահպանման կարեւորագույն միջոցներից մեկը, եւ դժվար է գերագնահատել նրա դերը պետության ու հասարակության կյանքում` հատկապես ներկա պայմաններում:

Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում:

Բակո Սահակյանն այս խնդիրների շարքին է դասել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերականգնումը՝ հավելելով, որ իր կողմից համապատասխան հանձնարարական է տրվել այս նախագիծը մշակելու վերաբերյալ:

Նախագահ Սահակյանը ոչ պակաս կարեւոր է համարել նաեւ երիտասարդ եւ արհեստավարժ կադրերի պատրաստումը, կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---