Երևանում համերգով են հանդես գալու Գերմանիայի միջազգային երաժշտական ակադեմիայի սաները

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության և Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ` Գերմանիայի միջազգային երաժշտական երիտասարդական ակադեմիայի և Բեռլինի EUROCON հասարակական կազմակերպության «Կամերտոն» ծրագրի նախաձեռնությամբ, որը միտված է Հայաստանում դասական երաժշտության բնագավառում շնորհալի երիտասարդների ուսուցման աջակցությանն ու միջազգային փոխհամագործակցության խթանմանը, մարտի 30-ին, ժամը 19:00 Ա. Խաչատրյան տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա ակադեմիայի և «Կամերտոնի» համատեղ համերգը:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Մշակույթի նախարարությունից, կատարումներով հանդես կգան պատանի երաժիշտներ Դանիել Սենգը /դաշնամուր/, Կարոլինա Կյուգերը /ալտ/, Յոհաննես Պրժիգոդդան /թավջութակ/, Յակոբ Լեհմանը /ջութակ/, Պաուլ Ստրական /ֆագոտ/, Անտոն Ռիխտերը /գալարափող/, Սպարտակ Մարգարյանը /դաշնամուր/, Ժորա Սարգսյանը /դաշնամուր/:

Նույն համերգային ծրագրով երաժիշտները հանդես կգան նաև Դիլիջանի երաժշտական քոլեջում` մարտի 31-ին, ժամը 15:30-ին: Նախագծի շրջանակներում, նույն օրը, Դիլիջանի երաժշտական քոլեջում «Կամերտոն» կազմակերպության ղեկավար Լյուդմիլա ֆոն Բերգը, Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գալինա Իվանցովան, օժտված երեխաների երաժշտական ակադեմիայի տնօրեն Կլաուդիա Ռոյտերը կանցկացնեն վարպետության դասեր:

2008 թվականից «Կամերտոնը» Հայաստանում իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում` Երևանի քաղաքային երաժշտական դպրոցներում շնորհալի երեխաների երաժշտական կրթության վարձավճարների աջակցությունն ու հովանավորչությունը, Գերմանիայում Բախի տուն-թանգարանում և Բեռլինի հանրահայտ Կայզեր Վիլհելմի եկեղեցում համերգային շրջագայությունները, երևանյան համերգները, վարպետության դասընթացների կազմակերպումը Հայաստանում և Գերմանիայում, մասնակցությունը բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---