Սինգապուրի ԱԳՆ ղեկավար Ջորջ Յեոն պատրաստ հնարավորինս աջակցելու հայ-սինգապուրյան կապերի ակտիվացմանը

Սինգապուրի ԱԳՆ ղեկավար Ջորջ Յեոն պատրաստ հնարավորինս աջակցելու հայ-սինգապուրյան կապերի ակտիվացմանը

PanARMENIAN.Net - Սինգապուրի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարների, մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպելու, ինչպես նաեւ Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման 175-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով մարտի 24-29-ը այդ երկրում էր գտնվում Սինգապուրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին):

Այցի ընթացքում դեսպան Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յեոի հետ: Քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարբեր մակարդակներում պաշտոնական փոխայցելություններին, գործարար շրջանակների միջեւ համագործակցության հաստատմանն ու հետագա զարգացմանը նվիրված հարցեր:

Հավանություն տալով հայկական կողմի առաջարկներին` նախարար Ջորջ Յեոն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցելու հայ-սինգապուրյան կապերի ակտիվացման գործընթացին: Միաժամանակ նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Սինգապուրի տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքում:

Դեսպանի հրավերով Սինգապուրի արտաքին գործերի նախարարը մարտի 27-ին ներկա է գտնվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված սուրբ պատարագին եւ մասնակցել է դրան հաջորդած միջոցառմանը, ուր հանդես է եկել ողջույնի խոսքով:

Եկեղեցու օծման 175 ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սբ. Էջմիածնի հատուկ ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Կալպակյանը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը: Ներկա էին աշխարհի 14 երկրներից ժամանած ավելի քան 160 հայեր, ինչպես նաեւ Սինգապուրում գործող այլ եկեղեցիների հոգեւորականներ, երկրի հասարակայնության ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---