Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած ՌԴ «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ին ընդունել է տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած Ռուսատանի Դաշնության «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը` տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Միխայիլ Տյուրինի գլխավորությամբ:

Ողջունելով «Միասնության կովկասյան մեկնարկ. «Գագարինի` աշխարհը նվաճած տիեզերական թռիչքը, որպես միասնական երկրի ժողովրդի հերոսական աշխատանքի արդյունք» խորագրի ներքո անցկացվող միջոցառման մասնակիցներն` Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ նշանակություն են տալիս տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարությանը և հպարտանում, որ ժամանակին լինելով մի մեծ և ընդհանուր երկրի կազմում, հայերը կարողացել են իրենց զգալի ներդրումն ունենալ տիեզերք մարդու առաջին թռիչքի նախապատրաստման, տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում:

«Մենք իսկապես հպարտանում ենք մեր ընդհանուր պատմության հերոսական դրվագներով: Կարծում եմ` ով չի հիշում անցյալը` չի կարող ունենալ ապագա: Ես շատ ուրախ եմ, որ այդ միջոցառումների հասցեատերն առաջին հերթին երիտասարդությունն է, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ հիշում են այդ ժամանակաշրջանը: Ուրախալի է, որ նրանք ոչ միայն հասցեատերն են, այլ իրենք էլ ակտիվորեն մասնակցում են միջոցառումների անցկացմանը: Սա լավ առիթ է երիտասարդներին բացատրելու, որ ապագան պատկանում է նրանց, ովքեր ունեն գիտելիք, խիզախ են, ունեն համառություն»,- ասել է նախագահը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանրապետության ղեկավարին` ջերմ ընդունելության և Հայաստանում տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի միջոցառումների անցկացմանն աջակցելու համար: Նրանք ընդգծել են, որ թերթելով անցած 50 տարիների խորհրդային տիեզերագնացության պատմությունը, ծանոթանալով փաստագրական բացառիկ նյութերին` ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան մեծ է եղել հայերի ներդրումը տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---