13 ապրիլի 2011 - 16:28 AMT
Բրեյք դանսի աշխարհի լավագույն կատարողները վարպետության դասեր կտան Երևանում

Ապրիլի 18-20-ը Երևան կհյուրընկալեն աշխարհի բի-բոյների թիվ 1 մրցույթի` Red Bull BC One All Stars հաղթողները: Աշխարհի ամենահաջողակ բրեյք դանս պարողները՝ Լիլուն և Չիկոն, երևանյան կատարողների համար կանցկացնեն վարպետության և այլընտրանքային դասեր: Իտալացի Չիկոն (Cico) –ն ներկայացնում է բրեյք դանսի եվրոպական դպրոցը: Այս աշխարհահռչակ բի-բոյին է պատկանում մեկ ձեռքի վրա 27 անգամ պտտվելու համաշխարհային ռեկորդը: Իսկ Լիլուն ֆրանսիացի բի-բոյ է, որն ունի ալժիրական արմատներ: Նա միակն է, ում հաջողվել է 2 անգամ դառնալ Red Bull BC One-ի հաղթող:

Ապրիլի 19-ին «Վալենսիա» հյուրանոցային համալիրի «Կարմեն» շքասրահում Չիկոն և Լիլուն կանցկացնեն այլընտրանքային դասեր տեղացի բի-բոյների համար: Նույն օրը «Գիզա» ակումբում նրանց մասնակցությամբ կլինի անմոռանալի երեկույթ: Երևան այցելության վերջին օրը՝ ապրիլի 20-ին, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում Չիկոն և Լիլուն կանցկացնեն վարպետության դաս պրոֆեսիոնալ պարողների և ուսանողների համար:

Red Bull BC One All Star-ը բրեյք դանսի պատմության մեջ ամենահետաքրքիր և աղմկահարույց նախագիծն է. սա թիմ է, որը միավորել է աշխարհի 7 լավագույն բի-բոյներին: Նրանք լավագույններից լավագույնն են: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ոճը և պարելու ձևը, սակայն միասին նրանք ստեղծում են բրեյք դանս և հիփ-հոփ մշակույթը: