«Էրեբունի» թանգարանում բացվել է «Ժառանգությունը և ջուրը» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց «Ժառանգությունը և ջուրը» խորագրով ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հովհ. Շարամբեյանի անվ. Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը:

Պավել Ավետիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ջուրը բացի կենսատու ուժից, եղել է նաև պաշտամունքի աղբյուր Հայկական լեռնաշխարհում: Դրա մասին են վկայում հնագիտական բազմաթիվ նմուշներ, ինչպես նաև հնագույն առասպելները:

Ցուցահանդեսում ընդգրկված են 11 պաստառներ, որտեղ պատկերված է այն ամենը, ինչ ստեղծել է մարդը ջրի պաշտամունքի և ընդհանրապես ջրի հետ կապված` կամուրջներ, լաստանավեր, վիշապ-կոթողներ: Բացի թեմատիկ պաստառներից, ներկայացված են նաև ուրարտական ժամանակաշրջանի քարե և կավե ջրատար խողովակներ, ռիտոններ, թասեր, կավանոթներ և այլն: Ցուցահանդեսին համընթաց ներկայացվում է նաև «Կովկասի ջրերը» էլեկտրոնային- թվային ցուցահանդեսը, որի հեղինակն է լրագրող Գալուստ Նանյանը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան գրասենյակի կողմից և կշարունակվի մինչև մայիսի 10-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---