Հայ դեղագործները կանցնեն մարքեթինգի դասընթաց

PanARMENIAN.Net - Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) ու «Ջի Էքս Պի» Գերազանցության կենտրոնի համագործակցությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ թևակոխել է մի նոր փուլ, որը բացում է Հայաստանից դեղագործական արտադրանքի արտահանման և հանրապետության դեղաշուկայի զարգացման նոր հեռանկարներ։ Կարևորելով դեղագործության ոլորտի մարքեթինգի բարձրակարգ մասնագետների պատրաստումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է ԴԱՆ Միության և «Ջի Էքս Փի» Գերազանցության կենտրոնի կողմից համատեղ ներկայացված «Մարքեթինգի դասընթաց Հայաստանի դեղագործական ոլորտի համար» դասընթացի ծրագիրը, իսկ օրերս նախարար Տիգրան Դավթյանը վավերացրել է «Ջի Էքս Փի» Գերազանցության կենտրոնի նշված դասընթացի 9 շրջանավարտների հավաստագրերը։

Դասընթացը մշակվել է միջազգային հայտնի փորձագետ Գերրիտ թեն Հունտեի հետ համագործակցությամբ և ուղղված է արդի միջազգային դեղագործական մարքեթինգի փորձի բացահայտմանն ու կիրառմանը։ Դասընթացի տեսական բաժինը ներկայացնում է միջազգային մարքեթինգի ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառվում են համաշխարհային դեղագործական արդյունաբերությունում։ Գործնական բաժինը մասնակիցներին հնարավորություն է տալիս կատարել մարքեթինգային ծրագրերի հնարավոր ուժեղ ու թույլ կողմերի վերլուծություն։ Դասընթացի ժամանակ ուսումնասիրվում են հայաստանյան և արտերկրի տարածաշրջանային շուկաներում դեղագործական մարքեթինգի ժամանակակից ռազմավարությունները և մեթոդները, հաղորդում է ԴԱՆ միության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---