Օբաման չասաց «ցեղասպանություն»՝ կրկին սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթով

Օբաման չասաց «ցեղասպանություն»՝ կրկին սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթով

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձն է հղել ԱՄՆ հայ համայնքին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Սակայն, ինչպես նախորդ տարիներին, Օբաման կիրառեց «Մեծ Եղեռն» բառեզրը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայ համայնքին ուղղված իր գրավոր ուղերձում ԱՄՆ նախագահը 1,5 մլն հայերի ոչնչացումն ԱՄՆ-ում անվանեց «20-րդ դարի մեծագույն ողբերգություն»: Սակայն, արդեն երրորդ տարին անընդմեջ, խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, նա խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» բառը: Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ «պատմության վիճահարույց էջերը ապակայունացնում են ներկան ու ստվերում են նրանց հիշատակը, ով զոհաբերեց իր կյանքը»: Ըստ նրա, Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ նրա պատմության մեջ ևս կան մութ էջեր: Օբաման «բարձր է գնահատել Հայաստանի ու Թուրքիայի ջանքերն, ուղղված պատմական հարցերի քննարկմանը»՝ հավելելով, որ իր տեսակետն այդ հարցում չի փոխվել նախընտրական արշավից ի վեր և որ «փաստերի ճանաչումը բխում է մեր շահերից»:

Դեռ լինելով նախագահության թեկնածու Օբաման խոստացավ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, այդպես էլ չկատարեց իր խոստումը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---