Սոֆիայի Երևանյան պուրակում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հավաք

Սոֆիայի Երևանյան պուրակում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հավաք

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպանը և դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Սուրբ Զատիկի արարողությունից հետո Սոֆիայի հայկական եկեղեցուց` եռագույն դրոշներով և Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակում տեղադրված Հայկական խաչքար: Երևանյան պուրակում` խաչքարի մոտ, Հայաստանի Հանրապետության օրհներգով սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հավաքը: Տեղի ունեցավ սգո պատարագ, լռության րոպե, պսակի զետեղման և մոմավառության արարողություն:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանրահավաքին ելույթներով հանդես եկան Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր, Բուլղարիայի «Հայ Դատի» հանձնախմբի անդամ տիկին Վարդանուշ Թոփաքբաշյանը, բուլղարական «ԼԵՎՐԵՊԵՈ» ամսագրի խմբագիր և քաղաքական մեկնաբան Լյուբեն Դիլովը:

Հայաստանի դեսպանը նշեց, որ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը առ այսօր միջազգային ողջ հանրության կողմից չի դատապարտվել, թեև շատ երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Եվրախորհուրդը, եվրոպական մի շարք երկրներ, Հարավային Ամերիկայի և ԱՄՆ մի քանի նահանգներ արդեն իրենց ճշմարիտ խոսքն են ասել: Իր ելույթում դեսպանը կարևորեց նաև Բուլղարիայի Հանրապետության մի շարք քաղաքային և համայնքային խորհուրդների կողմից 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ արդեն մեկ տասնյակից ավելի ընդունված որոշումները:

Վառնայի հայ առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցում ի հիշատակ Եղեռնի զոհերի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ պսակի զետեղման և մոմավառության արարողություն:

Եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք որից հետո ներկաները պաստառներով բողոքի երթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն:

Ապրիլի 24-ին Պլովդիվի Զինվորական ակումբի մոտից մեկնարկեց բողոքի երթ դեպի Պլովդիվի հայ առաքելական «Սուրբ Գևորգ» եկեղեցի բակում տեղադրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքարը, որտեղ և տեղի ունեցավ լռության րոպե, պսակի զետեղման և մոմավառության արարողություն: Ապրիլի 25-ին Պլովդիվի հայկական գերեզմանատանը սգո պատարագ մատուցվեց 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ապրիլի 25-ին Բուրգասի հայ առաքելական «Սուրբ Խաչ» եկեղեցում սգո պատարագ մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:

Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հանրահավաք, լռության րոպե, ծաղկեպսակի զետեղման և մոմավառության արարողություններ: Հանրահավաքին ներկա էին Բուրգասի քաղաքապետարանի, համայնքային խորհրդի , ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, բուլղար հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նույն երեկո Բուրգասի ազգային վարժարանի դահլիճում ցուցադրվեց իտալացի հանրահայտ կինոբեմադիչներ Տավիանի եղբայների նկարահանած «Արտույտների ագարակ» գեղարվեստական ֆիլմը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---