Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Ժնև

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Ժնև:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, այցի շրջանակում ՀՀ նախագահն այցելել է Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդեսում շրջելուց հետո նախագահն իր տպավորություններն է ներկայացրել` նշելով, որ այն հայատառ գրատպության 500-ամյակին ու 2012թ. Երևանի` համաշխարհային գրքի մայրաքաղաքի պատվավոր կոչմանը նախորդող շատ կարևոր իրադարձություն է: Սերժ Սարգսյանն ուրախությամբ է փաստել, որ Հայաստանը ցուցահանդեսի հոբելյանական 25-րդ տարում Ժնևում ներկայացված է պատվավոր հյուրի կարգավիճակով: «Մեզանում գրքի նկատմամբ ակնածանքը խոր և դարերի պատմություն ունեցող արմատներ ունի: Ինչպես գիտենք, հաջորդ տարի մենք նշելու ենք հայատառ գրատպության 500-ամյակը: Տպավորությունս այն է, որ ժամանակին գրատպության գյուտի իրականացրած հեղափոխությունն իր ընդգրկումով նման է այսօրվա համակարգչային հեղափոխությանը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բերում է իր պահանջները, բայց հայերի համար գրքի մշակույթի չափանիշը բոլոր ժամանակներում եղել և մնում է Եվրոպան, և խորհրդանշական է ու օրինաչափ, որ մենք այսօր այստեղ ենք գտնվում: 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է համաշխարհային գրքի մայրաքաղաք, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Մեծ հոբելյանները և նման ձեռնարկները մենք համարում ենք շատ գեղեցիկ առիթ` հատկապես նոր սերնդին գրքի հետ կապելու համար: Մեզ համար ընթերցող հասարակություն ունենալը կենսական պայման է: Չկարդացող Հայաստան պարզապես չի կարող լինել: Մենք նաև օգտագործում ենք այս առիթը` կարգի բերելու մեր գրադարանները, նորոգելու և բացելու նոր գրախանութներ, գրքի կենտրոններ: Արդեն գրեթե ավարտված են Մատենադարան թանգարան-ինստիտուտի նոր շենքի շինարարական աշխատանքները: Եվ այդ նոր շենքի չափերը, ծավալը երեք անգամ ավելի են, քան այսօր գործող ձեզ ծանոթ Մատենադարանի չափերը: Շուտով մենք սկսելու ենք Մատենադարանի գործող` հին շենքի վերանորոգման աշխատանքները, որպեսզի արդեն աշնանն ունենանք ինչպես գրքի պահպանման, ուսումնասիրման, պրոպագանդման ժամանակակից կենտրոն, այնպես էլ մեծ ցուցասրահներ` նախկին շենքում: Ամբողջովին կվերանորոգվի մեր Հանրային գրադարանի գլխավոր մասնաշենքը և Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շենքը: Կվերանորոգվեն նաև տասը մարզային գրադարաններ: Գրական միջազգային ծրագրերի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Երևան կժամանեն գրողներ, ովքեր համատեղ կքննարկեն իրենց նոր ու նորարարական գաղափարները, ժամանակակից գրականության խնդիրները և, իհարկե, դրանց լուծմանն առնչվող թեմաներ: 2012թ. պատեհ առիթ է մեր գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար: Հայ միտքն ու հոգին ստեղծել են գործեր, որոնք արժանի են միջազգային ուշադրության և ճանաչման»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի հայկական տաղավարում, ծանոթացել Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, դիտել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը, նաև այցելել Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» խորագիրը կրող ժամանակակից արվեստի ցուցահանդես:

Ժնևում նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարին, ինչպես նաև հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վաղը նախատեսված են Հանրապետության ղեկավարի հանդիպումները Շվեյցարիայի Համադաշնության բարձրագույն ղեկավարության հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---