Ժան Մարդիկյան. Հայաստանը մի քանի տարի հետո կունենա պատկերապատման դպրոց

Ժան Մարդիկյան. Հայաստանը մի քանի տարի հետո կունենա պատկերապատման դպրոց

PanARMENIAN.Net - Պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը կարծում է, որ Հայաստանը մի քանի տարի անց պատկերապատման դպրոց կունենա: «Այսօր Հայաստանում վարպետության դասերին մասնակցում է 30 նկարիչ, ինչը լավ ցուցանիշ է: Ֆրանսիայից եկած պատկերապատողները ջանք չեն խնայում նրանց սովորեցնելու համար: Օրինակ, Դոմինիկ Բեղտայը Հայաստանում արդեն մի քանի ամիս է, և նրա ազգանունը դարձել է Բեղտայան», ասաց Մարդիկյանը մայիսի 6-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցած «Պատկերապատման հրավառություն» միջոցառման պաշտոնական բացման ժամանակ:

Բացմանը ներկայացված են շուրջ 20 հեղինակների աշխատանքներ: Դոմենիկ Բեղտայը կարծում է, որ Հայաստանում պատկերապատման համար լայն ասպարեզ է բացվում: Նա իր աշխատանքներում շոշափում է բոլոր թեմաները, և PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր հայաստանյան շարքը արդեն ավարտել է: «Պատկերապատումը այն ժանրն է, որը քեզ թույլ է տալիս միախառնել տարբեր թեմաներ և ոճեր: Ես իմ շարքերում պատկերում և պատկերելու եմ նաև հայ մարդկանց»:

«Պատկերապատման հրավառություն» խորագրով միջոցառումնեի շարքը անց է կացվում Հայաստանում Պատկերապատման զարգացման միություն (ՀՊԶՄ) կազմակերպության նախաձեռնությամբ մայիսի 6-8-ը: Ծրագրում նախատեսված են` պատկերապատման վարպետության դասընթաց, ցուցահանդեսներ, պատկերապատում կավիճներով, պատկերապատման հիման վրա նկարահանված Լյուկ Բեսոնի «Ադելի արկածները» ֆիլմի ցուցադրություն:

Փառատոնի հյուրերն են Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի Պատկերի եւ պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, Ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը:

Միջոցառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---