Երիտասարդները դեմ են Երևանի կենտրոնում սբ. Աննա հոգևոր համալիրի կառուցմանը

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Երևանի սբ. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու մոտ տեղի է ունենալու բողոքի ցույց, կապված Կաթողիկեին կից սբ. Աննա հոգևոր համալիրի կառուցման հետ: Ցույցի կազմակերպիչն է «Հիմա ՛» երիտասարդական նախաձեռնությունը:

Ըստ նախաձեռնողների, կառուցվող համալիրը ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցին և աղճատում է պատմական միջավայրը: Խումբը պահանջում է անհապաղ դադարեցնել շինարարությունը և մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ, քանի որ համալիրն իր ծավալով ազդում է ոչ միայն Կաթողիկեի, այլ նաև ամբողջ խաչմերուկի ու շրջակա միջավայրի ճարտարապետության վրա:

Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 13 դ-ում: 1679 թ-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կանգուն է մնացել միայն եկեղեցու մատուռը: 17-րդ դարի վերջում կառուցվել է եռանավ բազիլիկատիպ շինություն, որը 1936 թ-ին Ստալինյան բռնապետության տարիներին պայթեցվել է: Այս տարի` ապրիլի 1-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է պատի մեջ ներկառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր և 17-րդ դարի բազիլիկի պատի մի դրվագ: Ավելի ուշ, նույն տարածքում հայտնաբերվել են նաև16-17 դարի կավե երեք կարասներ: Սբ. Աննա եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---