Երևանում մեկնարկում է նոր մանկական ստեղծագործական ծրագիր՝ «Ստեղծագործականություն և երևակայություն»

Երևանում մեկնարկում է նոր մանկական ստեղծագործական ծրագիր՝ «Ստեղծագործականություն և երևակայություն»

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Ստեղծագործականություն և երևակայություն» նոր մանկական ծրագիր:

«Ստեղծագործականություն և երևակայություն» ծրագրի շրջանակում 6-12 տարեկան երեխաները կծանոթանան ճանաչված չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի աշխատանքներին: Երեխաներին կցուցադրվի արվեստագետի կողմից պատրաստված մուլտֆիլմ, որում ներկայացվում է արվեստի գործի ստեղծման գործընթացը` մտահաղացման ի հայտ գալուց մինչև իրականացումը: Այնուհետև, երեխաներին հնարավորություն կընձեռվի հատուկ խաղ-դասերի ժամանակ ստեղծել իրենց սեփական աշխատանքները:

«ԱրմենՏել» ընկերության հետ համագործակցության շրջանակներում մենք շարունակում ենք կրթական և ստեղծագործական ծրագրերի շարքը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Մեր փորձը ցույց տվեց, որ հայ երեխաները հաճույքով են շփվում արվեստի գործերի հետ, ոգեշնչված ստեղծագործում և ուրախությամբ գալիս մեր կենտրոն», - նշեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանը:

«Այս նախագիծը բացառիկ է, քանի այն որ թույլ է տալիս երեխաներին, ոչ միայն դիտորդի կարգավիճակում շփվել արվեստի գործերի հետ, այլ նաև ստեղծել իրենց սեփականը: Հենց այս ինտերակտիվ և անհատական մասնակցության ձևը, կարծում եմ, ամենաշատը կհետաքրքրի պատանի նկարիչներին», - ասաց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծրագրին կարող են մասնակցել երեխաները և նրանց ընտանիքների անդամները: Դասերը տեղի կունենան երեքշաբթի և շաբաթ օրերին, սկսած մայիսի 14-ից: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Յուրաքանչյուրի մասնակցությունն անվճար է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---