17 մայիսի 2011 - 15:09 AMT
Օգնությունն արևելյան հարևաններին շահավետ է նաև Եվրամիությանը

Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցնում է եվրոպական տնտեսական խորհրդարժողովը, որին նախատեսվում է քննարկել ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը: Խորհրդաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: Նա հայտարարել է, որ մոտակա արևելյան հարևաններն աջակցություն են ակնկալում Եվրամիությունից: Բուզեկը նշել է, որ նման աջակցությունը շահավետ է նաև ԵՄ-ի համար: Եժի Բուզեկն առանձնացրել է «Արևելյան գործընկերություն» ծրագիրը: «Մենք ձգտում ենք ամբողջությամբ ներգրավել «Արևելյան գործընկերության» ծրագրում Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին, Ադրբեջանին ու Հայաստանին : Մենք նաև հուսով ենք, որ նրանց կմիանա նաև Բելառուսը»,-հայտարարել է Բուզեկը:

Իր հերթին, խորհրդաժողովում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հարկավոր է հիշել «ընդհանուր Եվրոպայի» մասին: Այդ հայեցակարգը ենթադրում է նոր երկրների ներգրավում Եվրամիության մեջ, հաղորդում է AZE.az-ը՝ հղում անելով օտարերկրյա ԶԼՄ-ներին: