Շուտով կգործարկվի «Զվարթնոցի» նոր տերմինալը, իսկ մոտակա շենքերի վերաբնակեցման հարցը դեռ լուծված չէ

Շուտով կգործարկվի «Զվարթնոցի» նոր տերմինալը, իսկ մոտակա շենքերի վերաբնակեցման հարցը դեռ լուծված չէ

PanARMENIAN.Net - «Շողեր միություն» ՀԿ-ն ԱԶԲ-ի գործունեության ՀԿ-ների Ֆորումի շրջանակներում իրականացնում է վերահսկողություն` ուղղված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղևորային համալիրի գործարկման ծրագրի շրջանակներում վերաբնակեցման ծրագրի հարցերին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղևորային համալիրի գործարկման ծրագրի իրականացման համար կնքվել է եռակողմ պայմանագիր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի (ԵԶՎԲ), «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»ՓԲԻ-ի (ԱՄՕ) կողմից: Ծրագրի բյուջեն կազմում է $173մլն: Ծրագրով նախատեսվում է օդանավակայանի տարածքում գտնվող չորս բնակելի շենքերի վերաբնակեցում $13մլն գումարի սահմաններում: Ըստ 2009թ. սեպտեմբերին իրականացված վերահաշվառման, չորս շենքերի ընտանիքների թիվը կազմում է 171, բնակիչների թիվը` 506: 2009թ. դեկտեմբերին ԱՄՕ-ի կողմից հաստատված վերաբնակեցման պլանի համաձայն` նոր կառուցվող շենքերի շինարարությունը պետք է արդեն սկսված լիներ, իսկ ավարտվեր 2011թ.-ի վերջին:

Ինչպես մայիսի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հկ ներկայացուցիչ Հասմիկ Ասլանյանը, ծրագրում ընդգրկված չորս շենքերը, որոնք պետք է քանդվեն և բնակիչներին վերաբնակեցնեն, հայտնվել են օդանավակայանի նոր ուղևորային համալիրի շինարարական հրապարակների մեջ, որտեղ ուղևորային համալիրի գործարկման նպատակով իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ: Ստեղծված իրավիճակը սպառնում է բնակիչների անվտանգությանը և առողջությանը, ինչպես նաև շենքերի կայունությանը: 2011թ. մարտի 29-ին չորս բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցերով «Շողեր միություն» ՀԿ-ն դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարին և ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետին: Դիմումին ի պատասխան` 27.04.2011թ. հասցեագրված նամակով, ՔԱԳՎ-ի աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացվել է վերաբնակեցման պլանում կատարված փոփոխությունները: Համաձայն ՔԱԳՎ-ին ԱՄՕ-ի տրամադրած տեղեկատվության, Երևանի քաղաքապետի 2011թ փետրվարի 28-ի թիվ 590-Ա որոշման 2-րդ կետով չեղյալ է համարվել կառուցվող շենքերի նախկին h3352-2008 գլխավոր հատակագիծը, իսկ նոր հատակագծի սեփականության իրավունքի վկայականը ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրը ԱՄՕ-ին է տրամադրել 2011թ. ապրիլի 15–ին: Համաձայն ստացված նոր հատակագծի, ներկայումս ԱՄՕ-ի կողմից լրամշակվում է բնակելի շենքերի նոր նախագիծը: Նախագծի իրականացման համար սահմանվել է ժամանակացույց, ըստ որի 2011թ. մայիս-օգոստոս ամիսներին կկատարվեն հողի փորման աշխատանքները, իսկ բնակելի շենքերի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013թ. հոկտեմբերին:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, նոր շենքերի կառուցման համար նախատեսված տարածքը հատկացվել է միայն 10 օր առաջ: «Մենք պատրաստ ենք կատարել մեր պարտավորությունները և որքան հնարավոր է արագ կառուցել բնակելիները»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---