Երևանի քաղաքապետն ուսանողների աջակցությամբ փորձում է մաքրություն հաստատել մայրաքաղաքում

Երևանի քաղաքապետն ուսանողների աջակցությամբ փորձում է մաքրություն հաստատել մայրաքաղաքում

PanARMENIAN.Net - Երիտասարդական ՀԿ-ի և բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը և առանձնացրել այն շրջանակը, որտեղ ակնկալվում է երիտասարդական կազմակերպությունների և ուսանողների օժանդակությունն ու համագործակցությունը:

Խոսելով քաղաքապետարան, վարչական շրջաններ, համատիրություն եռաստիճան կառավարման համակարգի մասին` քաղաքապետը նշել է, որ այստեղ ամենակարևոր օղակը քաղաքացին է. «Եթե մենք չկարողանանք արթնացնել երևանցու մոտ սեփականատիրոջ զգացումը, որ սա իր քաղաքն է և քաղաքում ինչ որ կատարվում է, առնչվում է իր հետ, մենք կլինենք շատ ավելի պակաս արդյունավետ: Երևանցու մոտ քաղաքացիական դիրքորոշումն արթնացնելու հարցում մենք ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: Ես կարծում եմ, որ մեր հասարակության շարժիչ ուժը դուք եք այս պահին ներկայացնում, և եթե դուք մեր գործընթացներին մասնակից լինեք, ես համոզված եմ, որ համատեղ կարող ենք լավ արդյունքներ ունենալ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Այս համատեքստում քաղաքապետը ներկայացրել է այսօր ընդունած «Երևան քաղաքում մաքրության պահպանմանն ուղղված միջոցառումներին ուսանողների մասնակցության մասին» որոշումը, համաձայն որի` Երևանի ուսումնական հաստատությունների ուսանողներին լիազորվում է Երևանում ոչ սահմանված կամ չնախատեսված տեղերում և վայրերում աղբի թափման դեպքերի վերաբերյալ Երևանի վարչական շրջանների ղեկավարներին կամ Երևանի քաղաքապետարան ներկայացնել տեղեկատվություն, արձանագրություն և ապացույցներ գրավոր կամ կապի միջոցներով. «Առավել ակտիվ ուսանողները կխրախուսվեն: Այն միջոցները, որ վարչարարական ճանապարհով գալու են քաղաքապետարան, խնդրել եմ մեր իրավաբաններին և ֆինանսիստներին լուծումներ առաջարկել, որպեսզի այդ բոլոր միջոցները տրամադրվեն ուսանողական խորհուրդներին: Երիտասարդությունն այստեղ իրականում շատ մեծ ուժ է»,- նշել է քաղաքապետը: Անդրադառնալով երիտասարդության հիմնախնդիրներին` քաղաքապետը նոր միջավայր և մշակույթ ձևավորելու նպատակով ներկայացրել է քաղաքապետարանի կողմից մշակվող ծրագրերը, այդ թվում նաև «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճն ու Սասունցի Դավթի արձանին հարակից տարածքը երիտասարդական կենտրոններ դարձնելու նախագիծը:

Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ քաղաքապետարանը պատրաստ է լսել ու քննարկել Երիտասարդական ՀԿ-ի և բուհերի ուսանողական խորհուրդների կառուցողական առաջարկները և համոզմունք է հայտնել, որ վերջիններս կդառնան քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի համախոհները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---