Հայաստանը կքննարկի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցում Բելառուսի հետ համագործակցությունը

Հայաստանը կքննարկի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցում Բելառուսի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Մինսկի օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը: Բելառուսի կառավարության տանը տեղի է ունեցել Տիգրան Սարգսյանի և Միխայիլ Մյասնիկովիչի առանձնազրույցը:

Ընդգծելով, որ տնտեսական կապերում Հայաստանն ու Բելառուսն ունեն լավ ավանդույթներ, մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 16 անգամ, Բելառուսի վարչապետն անդրադարձել է այն ուղղություններին, որոնք հատկապես հետաքրքրական են իրենց երկրի համար, և որոնց ուղղությամբ ակնկալում են փոխգործակցություն: Նա կարևորել է ժամանակին քննարկված մի շարք երկկողմ գիտատեխնիկական ծրագրերի հետագա իրականացումը: Նշելով, որ այժմ Հայաստան է ներկրվում բելառուսական դեղագործական արտադրանք` Միխայիլ Մյասնիկովիչը հեռանկարային է համարել համատեղ արտադրական հզորությունների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալ նաև երրորդ երկրների շուկա:

ՀՀ վարչապետի խոսքն իր հերթին անհրաժեշտ է համարել նման հանդիպումների ընթացքում առավել հանգամանալից ծանոթանալ կողմերի պահանջներին և հնարավորություններին, գտնել համագործակցության եզրեր: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին, որն այժմ Հայաստանում հայտարարված է որպես առաջնահերթ ուղղություններից: Հատկապես կարևորվում է գյուղտեխնիկայի բազայի բարելավման և թարմացման խնդիրը, որտեղ Բելառուսի համապատասխան հզորությունները կարող են հետաքրքրություն ներկայացնել: Նույնը ավտոբուսային պարկի առումով, քանի որ որդեգրվել է երթուղային տաքսիներն ավտոբուսներով փոխարինելու քաղաքականություն: Այստեղ նաև համապատասխան սպասարկող ծառայությունների խնդիր կարող է առաջանալ:

Բացի դրանից, ՀՀ վարչապետը ներկայացրել է Հյուսիս-հարավ արագընթաց ավտոմայրուղու և այլ նոր ենթակառուցվածքային ուղիների շինարարության ծրագրերը: Ոլորտը մեծ հեռանկար ունի, և Հայաստանը պատրաստակամ է քննարկելու նաև այս ուղղությամբ Բելառուսի հետ համագործակցության հեռանկարները: ՀՀ կառավարության ղեկավարը որպես հեռանկարային ոլորտներ առանձնացրել է նաև սերմնաբուծության, ալմաստի վերամշակման, գիտատեխնիկական բնագավառները, որոնց համար Հայաստանում կան լավ հնարավորություններ, և առկա է երկկողմ հետաքրքրություն: Տիգրան Սարգսյանի խոսքով` քաղաքական երկխոսության այն մակարդակը, որ հաստատված է Հայաստանի և Բելառուսի միջև, երկու երկրների կառավարություններին ստիպում է իրականացնել այն մեծ ներուժը, որն առկա է նաև տնտեսության բնագավառում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---