«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալն ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանն ընդգրկվել է անձանց ցուցակի մեջ, որոնց այցն Ադրբեջան անցանկալի է: Այդ մասին Vesti.Az-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` մեկնաբանելով Բունտմանի այցն Արցախի Հանրապետություն: Պոլուխովի խոսքերով, Սերգեյ Բունտմանը ոչ միայն այցելել է Լեռնային Ղարաբաղ, այլ նաև հարցազրույց է արել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանի հետ: «Ցավոք սրտի, հարցազրույցի աուդիոտարբերակները մինչև հիմա «զետեղված են» «Էխո Մոսկվի» պաշտոնական կայքում»,- ասել է Պոլուխովը:

«Բունտմանի այցի հետ կապված Ռուսաստանում մեր երկրի դեսպանատանը հրահանգ է տրվել բողոք արտահայտել, ինչպես նաև «Էխո Մոսկվիի» ղեկավարությանը հասցնել Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը: Իսկ Սերգեյ Բունտմանն արդեն ընդգրկվել է անձանց ցուցակում, որոնց այցն Ադրբեջան անցանկալի է»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---