Լատվիայի նախագահը ցանկանում է արձակել խորհրդարանը, որը խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին

Լատվիայի նախագահը ցանկանում է արձակել խորհրդարանը, որը խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը մայիսի 28-ին հայտարարեց այն մասին, որ նախաձեռնում է Սեյմն արձակելու ընթացակարգը: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Սեյմը մերժել է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյին պատգամավոր և խոշոր գործարար Այնարս Շլեսերսի տունը հետախուզելու հարցում, որին կասկածում են կոռուպցիոն գործարքների մեջ: Զատլերսը համարել է, որ Սեյմն իրեն դատական իշխանությունից վեր է դասել, և այն արձակելու մասին որոշում է ընդունել: Նախագահը հայտարարել է, որ իր պարտքն է համարում գործել ի բարօրություն երկրի, և չնայած, որ դա սահմանադրական և քաղաքական բարդություններ կառաջացնի, ինքը ռադիկալ որոշում է ընդունել:

Լատվիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արնիս Ցիմդարսն իր հերթին լրագրողներին հաղորդել է, որ Լատվիայի Սեյմն արձակելու հարցի վերաբերյալ հանրաքվեն կարող է հանրապետությունում տեղի ունենալ հուլիսի 30-ին: Նրա խոսքով` օրենքի համաձայն, այն բանից հետո, երբ Զատլերսը ԿԸՀ-ին կտեղեկացնի իր որոշման մասին, վերջինս ոչ վաղ, քան մեկ ամսից և ոչ ուշ, քան երկու ամսից Սեյմի արձակման վերաբերյալ հանրաքվե պետք է անցկացնի, և եթե ընտրողները սատարեն Սեյմի արձակումը, ապա այն կհամարվի արձակված:

Երկուշաբթի օրը կկայանա ԿԸՀ արտակարգ նիստը, որի ժամանակ հանրաքվեի անցկացման ժամկետների մասին որոշում կընդունվի: «Եթե այդ օրը Սեյմն արձակելու մասին առաջարկ ստացվի նախագահ Վալդիս Զատլերսից, ապա հանրաքվեն կարող է տեղի ունենալ արդեն հուլիսի 30-ին»,- նշել է Ցիմդարսը:

Նոր խորհրդարանական ընտրությունները պետք է հանրապետությունում կայանան Սեյմն արձակելուց ոչ ուշ, քան երկու ամիս անց: Եթե ընտրողները հանրաքվեի ժամանակ չսատարեն Սեյմի արձակումը, ապա նախագահը կզրկվի պաշտոնից, իսկ Սեյմը կմնա:

Հունիսի սկզբին երկրում պետք է նախագահական ընտրություններ կայանան. նախագահին ընտրում է խորհրդարանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---