31 մայիսի 2011 - 10:56 AMT
Քնեսեթի հանձնաժողովը կարող է անընդհատ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը

«Հայ դատի» երուսաղեմյան գրասենյակը մայիսի 30-ին հանդիպել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի հետ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը, հանդիպմանը քննարկվել է Իսրայելի Պետության կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Մենք վաղուց ենք աշխատում Ռիվլինի հետ և նա Ցեղասպանության ճանաչման կողմնակից է: Ճիշտ է, առայժմ չի կարելի ասել, երբ է ընդունվելու բանաձևը, բայց մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Ավագյանը:

Միաժամանակ, ինչպես հայտնի է դարձել իսրայելական աղբյուրներից, Քնեսեթի կրթության հանձնաժողովում լսումները կարող են հետաձգվել անորոշ ժամանակով: «Հանձնաժողովը ժամանակային սահմանափակումներ չունի և նիստը կարող է հայտարարվել, երբ հարմար է: Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, ապա ոչ ոք չի ասի` ընդունվելու է այն, թե որ: Հանձնաժողովը կարող է ուղղակի անընդհատ ձգձգել բանաձևի ընդունումը»,- ասել է աղբյուրը:

Քնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կրթության հանձնաժողովում բարձրացված քննարկման ժամանակ ասել է. «Ենթադրում եմ, որ հենց իսրայելցիների, որոնք բազմիցս բախվել են այն սարսափի ժխտման հետ, որը տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ, մտքով անգամ չէր կարող անցնել հրաժարվել անհերքելի պատմական փաստերով հաստատվող ողբերգության ճանաչումից»: Ռիվլինն ավելացրել է, որ թուրքերի և հայերի միջև հակամարտությունը «չի կարող արդարացում ծառայել այլ ժողովրդի աղետի ժխտման համար: Դրա ճանաչումը մեր` որպես հրեաների և որպես պարզապես մարդկանց բարոյական պարտքն է » Իսրայելի Քնեսեթը երրորդ անգամ քննարկման է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մայիսի 18-ին Քնեսեթի ընդլայնված նիստում տեղի է ունեցել քվերակություն հարցը կրթության հանձնաժողովի քննարկման հանձնելու վերաբերյալ: 20 մարդ «կողմ է» քվեարկել, «դեմ» քվեարկող չի եղել: