Փոխվարչապետը անձամբ ծանոթացել է Արփա գետի վարարման հետևանքների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունիսի 7-ին այցելեց Վայոց Ձորի մարզ` վերջին օրերին արձանագրված արտակարգ իրավիճակների հետեւանքներին ծանոթանալու, դրանց վերացման հետ կապված հարցերը տեղում քննարկելու նպատակով: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Ս. Բագրատյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարությունների, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուներ:

Վերջին օրերին Արփա գետի վարարման հետեւանքով վնասվել է Եղեգնաձորի կամուրջը: Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկեց կամրջի վերակառուցման հնարավորությունները: Հանձնարարվեց գյուղատնտեսության նախարարությանն առաջարկներ ներկայացնել ափապաշտպան կառույցների ամրացման վերաբերյալ:

Եղեգնաձորում Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ Շահումյան 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ամրացման աշխատանքներին, որոնք իրականացվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Տեղում քննարկվեց նաեւ մեկ այլ բազմաբնակարան վթարային շենքի ամրացման հնարավորությունը:

Ա. Գեւորգյանի հաջորդ կանգառը Շատինում էր, որտեղ օրեր առաջ փլուզվել էր գյուղը մարզկենտրոնին կապող գլխավոր ճանապարհը: Ներկայումս աշխատանքներ են տարվում համայնքի եւ մարզկենտրոնի միջեւ երթեւեկության ապահովման ուղղությամբ: Փոխվարչապետը ծանոթացավ իրավիճակին եւ կատարվող աշխատանքներին: Տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարվեց ուսումնասիրել ճանապարհի վերակառուցման նպատակահարմարությունը` հաշվի առնելով, որ այն գտնվում է սողանքային գոտում, ինչպես նաեւ շրջանցիկ ճանապարհի կառուցման նախահաշիվ ներկայացնել: Սողանքի հետեւանքով վնասվել է Եղեգնաձորի ոռոգման ինքնահոս համակարգի ջրատարի մոտ 200 մետրանոց հատվածը, որին քանդման վտանգ է սպառնում: Ջրտնտպետկոմի նախագահ Ա. Անդրեասյանին հանձնարարվեց սեղմ ժամկետներում ներկայացնել վթարի վերացման հնարավոր տարբերակները եւ անհրաժեշտ ֆինանսական ծավալները:

Փոխվարչապետը եղավ նաեւ Վայքի հատվածում, որտեղ վարարումների հետեւանքով մոտ 15 հա տարածք ողողվել է ջրով: Տեղեկացվեց, որ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներն արդեն կատարել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքներն առաջիկայում կներկայացվեն կառավարության քննարկմանը:Մարզպետին հանձնարարվեց հրատապ կարգով աշխատել համապատասխան նախարարությունների հետ` ստեղծված իրավիճակին լուծումներ տալու եւ հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---