16 հունիսի 2011 - 17:49 AMT
Գյումրիի քաղաքապետարանը ժխտում է Մինասի որմնանկարների հանդեպ անտարբեր լինելու մեղադրանքները

Դեռևս 2009 թվականից Գյումրիի քաղաքապետը Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագրի և դրանք փրկելու իր առաջարկների վերաբերյալ տարբեր գրություններով դիմել է մշակույթի նախարարին:

Ինչպես հաղորդում է Գյումրիի քաղաքապետարանը, որմնանկարների փրկության վերաբերյալ իր տագնապների մասին քաղաքապետարանն ու քաղաքապետը շարունակել են հայտնել 2010 և 2011 թվականներին ևս` ՀՀ մշակույթի նախարարություն ուղղվող գրություններով, որոնցում մասնավորապես ասվել է, որ քաղաքում չկան բարձրակարգ մասնագետներ, որի պատճառով քաղաքապետարանը չի կարող ինքնուրույն իրականացնել որմնանկարների վերականգնման աշխատանքները և խնդրում են աջակցել ծրագրերի իրականացման գործում` տրամադրելով համապատասխան մասնագետներ, ովքեր օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, կկարողանան իրականացնել որմնանկարների վերականգնման աշխատանքները: Գյումրիի համայնքի ավագանին ևս պատրաստակամություն է հայտնել համայնքի բյուջեից տրամադրել գումար որմնանկարների փրկության նպատակով: Այս մասին 23.06.2010թ. գրությամբ գրավոր տեղեկացվել է ՀՀ վարչապետին և մշակույթի նախարարին:

Համաձայն հաղորդագրության, Գյումրիի վերածննդի այս փուլում նոր են ի հայտ գալիս հնարավորություններ` անդրադառնալու որմնանկարների ճակատագրին, քանի որ տարիներ շարունակ գյումրեցիները կացարաններ էին սարքում: Նույնիսկ նման պայմաններում գյումրեցիները կարողացել են պահպանել մշակութային արժեքները, որոնք այսօր եթե չլինեին, չէր լինի տեղափոխելու որևէ բան:

Գյումրիի քաղաքապետարանը հայտարարում է, որ այսօր էլ պատրաստ է անհրաժեշտ միջոցներ տարամդրել որմնանկարների վերականգնման նպատակով, միայն թե դրանք չպովկեն իրենց պատմական միջավայրից: