20 հունիսի 2011 - 14:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հունիսի 21-ին Հայաստանում 5-րդ անգամ կնշվի «Երաժշտության տոնը»

Այս տարի լրանում է Ֆրանսիայում սկիզբ առած «Երաժշտության տոնի» 30-ամյակը: Հայաստանում տոնը նշվելու է արդեն 5-րդ անգամ: Այս առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, կազմակերպել է մի շարք երաժշտական միջոցառումներ Երևանում և մարզերում: «Այն, որ այս տոնը նշվում է, արդեն իսկ ապացուցում է հայ-ֆրանսիական մշակութային սերտությունը: Ես հույս ունեմ, որ այս տարի Հայաստանի բնակիչները էլ ավելի ակտիվ կլինեն և իրենց բարձր տրամադրությունը կփոխանցեն իրար», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Իր հերթին Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը հավելեց, որ նշված միջոցառումներն այնքան սիրելի են դարձել հայ հանրությանը, որ 2009 թ-ից սկսել են նշել նաև մարզերում: «Այս տարի մենք շեշտը դրել ենք երիտասարդական և մանկական միջոցառումներին: Մեզ համար նաև կար մի անակնկալ փաստ, որ Երևանում «Երաժշտության տոնին» մասնակցության հայտ ներկայացրեցին նաև արտերկրյա երաժիշտներ», ասաց Պողոսյանը:

Համերգները սկսվելու են ժամը 12.00-ից Հաղթանակի զբոսայգում և կավարտվեն 21.30-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում The Beautified project խմբի համերգով: Համերգներ կլինեն նաև Երևանի գրեթե բոլոր այգիներում: Մարզերից տոնին կմիանան Վայոց ձորը, Լոռին, Շիրակը և Սյունիքը: Միջոցառումները կլինեն բացօթյա և հիմնականում մարզկենտրոններում:

«Երաժշտական տոնը» սկիզբ է առել 1982 թ-ին Ֆրանսիայում նախագահ Ֆրանսուա Միտերանի աջակցությամբ: Ամեն տարի, աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում անց են կացվում երաժշտական միջոցառումներ: Այդ օրը յուրաքանչյուր ցանկացող կարող է վերցնել որևէ երաժշտական գործիք և ելույթ ունենալ փողոցի ցանկացած հատվածում: Հայաստանը փառատոնը նշում է 2007 թ-ից: «Երաժշտության տոնը» այս տարի արդեն երկրորդ անգամ հովանավորում է «Օրանժ Արմենիա» ընկերությունը:Հունիսի 21-ին Հայաստանում 5-րդ անգամ կնշվի «Երաժշտության տոնը»

ՖՈՏՈՇԱՐՔ