Արցախում սրտի կսկիծով են ընդունել Ելենա Բոնների մահվան բոթը

Արցախում սրտի կսկիծով են ընդունել Ելենա Բոնների մահվան բոթը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ցավակցական հեռագիր է հղել հանրահայտ իրավապաշտպան եւ հրապարակախոս Ելենա Բոնների ընտանիքին՝ նրա մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սրտի կսկիծով ընդունեցին Ելենա Գեորգիի Բոնների մահվան բոթը, մարդ, ով մեծ հարգանք էր վայելում մեր երկրում:

Արցախի ազգային-ազատագրական շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից Ելենա Բոնները ակտիվորեն պաշտպանում էր մեր ազգի ինքնորոշման իրավունքը, այցելում էր մեր երկիրը, մեզ հետ միասին պայքարում էր պատմական արդարության վերականգնման համար եւ ամենաբարձր ատյաններից պահանջում էր դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

Ընդունեք իմ խորին ու անկեղծ ցավակցությունը: Այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի վիշտն ու ցավը: Մեր հիշողության մեջ միշտ վառ կմնա Ելենա Բոնների լուսավոր կերպարը», հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---