ՌԴ-ն վավերացրել է մինչև 2044թ. Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնող արձանագրությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է 1995թ. մարտի 16-ի՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնող արձանագրությունը՝ 25-ից մինչև 49 տարի (մինչ 2044թ.):

Փաստաթղթում ասվում է, որ այդ ամսաթվից հետո տեղակայման ժամկետը ինքնաբերաբար կերկարացվի հաջորդ հնգամյակների համար, եթե կողմերից ոչ մեկը գրավոր չտեղեկացնի ժամկետի սպառումից վեց ամիս առաջ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին: Երևանում 2010թ. օգոստոսի 20-ին ստորագրված փաստաթղթով ռուսական ռազմակայանը պարտավորվում է ՌԴ շահերի պաշտպանությունից բացի, նաև ապահովել Հայաստանի անվտանգությունը նրա զինված ուժերի հետ համատեղ: Այդ նպատակով Ռուսաստանը կաջակցի Հայաստանին արդիական և համատեղելի սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով ապահովելու գործում: Հայաստանին ռազմատեխնիկական օգնության համար հատկացվող միջոցները պետք է ամրագրվեն ՌԴ դաշնային բյուջեում:

Ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայվել է Հայաստանի տարածքում ըստ 1995թ. մարտի 16-ի պայմանագրի: Ռազմակայանի խնդիրն է ապահովել արտաքին սահմանների ռազմավարական կայունությունը, պաշտպանել Ռուսաստանի շահերն ու Հայաստանի անվտանգությունը, այդ թվում ռուսական և հայկական զորքերի համատեղ օպերատիվ կիրառման ճանապարհով, ըստ ՀԱՊԿ 1992թ. մայիսի 15-ի դրույթների: Ստորաբաժանումները տեղակայված են Գյումրիում ու Երևանում: Զինծառայողների ընդհանուր քանակը մոտ 3,5 հազար է: Ռազմակայանի կազմում ընդգրկված են երեք մոտոհրաձգային գունդ, հրետանի, առանձին տանկային գումարտակ: Ըստ ռազմական աղբյուրների, ռազմակայանը հագեցած է հզոր պաշտպանական սպառազինությամբ: 2001 թվականից ի վեր ռուսական ռազմակայանում մարտական հերթապահություն են իրականացնում Ռուսաստանի ու Հայաստանի ՀՕՊ ուժերը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---